Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վիրտուալ շփում

Վիրտուալ շփում
19.02.2016 | 08:34

Ինչ ուզում եք ասեք, բայց էս վիրտուալ կապը՝ Facebook կոչվող սոցիալական ցանցով, իրոք փրկություն էր գործազուրկ հայերի համար: Եվ կապ չունի՝ սեփակա՞ն ցանկությամբ են գործազուրկ, թե՞ հարկադրաբար: Ընդ որում` թե՛ ներսի, թե՛ դրսի ֆեյսբուքահայության մասին է խոսքը: Պատկերացնո՞ւմ եք, մենակությունից, սեփական անձի թերարժեքության զգացողությունից, լքվածությունից, էս անիրավ աշխարհի անարդարությունից, իշխանությունից ու ընդդիմությունից զզված ինչքան հայ կխենթանար տան չորս պատերի մեջ, եթե վիրտուալ այս տարածքը չլիներ: Չէ, ողորմի Ցուկերբերգի անցավորներին, փրկել է հայության գործազուրկ հատվածին իրական կյանքի հետ մեն-մենակ մնալու դաժան փորձությունից: Պատկերացրեք, Facebook-ը չլիներ, ու սեփական ես-ի հետ մեն-մենակ մնացած մարդը, սեփական տան խունացած հայելու առաջ, անդառնալիորեն հուսահատ ձայնով ինքն իրեն հարց տար. «Հա՞վն է ձվից արարվել, թե՞ ձուն հավից»: Իսկ հիմա, խնդրեմ, տալիս է նույն հարցը վիրտուալ տարածքում, ու գնա՜ց... Հավի ու հավկիթի արարչագործ նախասկիզբը քննող-վերլուծող-ժխտող-հաստատող ի՜նչ հեղեղ է թափվում ֆեյսբուքյան հայելու պսպղացող պատից: Ոչինչ, որ հավերժական ռեբուսն այդպես էլ չի գտնում իր պատասխանը, և ոմանք շատ անսպասելիորեն հանգում են աքլորի առաջնայնության խիստ կասկածելի վարկածին: Կարևորը դա չէ: Շատ ավելի կարևոր է միայնության սարդոստայնից ֆեյսբուքյան «բազմաբնակարան» տարածք տեղափոխվելու բերկրանքը, որ թերարժեքության զգացողության հերն անիծում, չհասկացված լինելու տվածուրիկ բարդույթն էլ ուղարկում է գրողի ծոցը:
Մի խոսքով, չգիտեմ՝ դուք ո՞նց, բայց ես շարունակելու եմ պնդել այն, ինչ արդեն ասացի. եթե ոչ ամեն օր, գոնե մեռելոցից մեռելոց ֆեյսահայության գործազուրկ հատվածը մոմ պիտի վառի Ցուկերբերգի հանգուցյալ նախնիների հիշատակին:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 15806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ