Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Մեզ համար լավագույն լուծումը կլինի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ շահերի տարածք դառնալը

Մեզ համար լավագույն լուծումը կլինի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ շահերի տարածք դառնալը
08.12.2025 | 14:05

Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա։

Բնականաբար, այս հարցի պատասխանը գտնվում է երկու ծայրահեղությունների, այն է՝ որ ամեն ինչ մեզնից է կախված և, մեկ էլ, մեզնից ոչինչ կախված չի, երկու, իրականությունից հեռու պնդումների միջև ինչ-որ տեղ, որն էլ պայմանավորված է աշխարհում ուժերի գլոբալ դասավորությամբ, դրանում մեր տեղով, ապրելու համար անհրաժեշտ մեր հզորությամբ և այլն։

Նման հարցի հակիրճ պատասխանն այն է, որ մեզ բնութագրող ավտորիտար մենթալիտետի պայմաններում պրոբլեմը բազմակողմանիորեն ճիշտ հասկանալու և երկրի գործունեության տարբեր ոլորտների խնդիրները ճիշտ դնելու դեպքում մենք կարող ենք հասնել ինչ-որ արդյունարար հզորության, որն էլ ինչքան մեծ լինի, այնքան էլ մեծ կլինի մեր խնդիրները ինքնուրուն լուծելու ու մեր գոյության շանսը։

Եթե այս հարցին նայենք ներքին ու արտաքին քաղաքականությունների տեսանկյունից, ապա այն ավելի կկոնկրետանա, քանի որ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն խոսք ասելն ավելի դժվար է, քան ներքին քաղաքականության մեջ։

Բայց նունիսկ արտաքին քաղաքականության ոլորտում, թույլ լինելով հանդերձ, կարելի է կատարել նպատակային ու ճիշտ քայլեր, որոնք, առնվազն, հնարավորություն կտան խաղալիք չդառնալ մրցակցող հզորների արանքում։

Այս իմաստով, տարրական աշխարհաքաղաքական տրամաբանությունն ասում է, որ ուժային աշխարհում ակնհայտորեն տեսնելով մեր հնարավորությունները և մի կողմ դնելով ոչնչով չարդարացված մեր գլխից մեծ ամբիցիաները, պետք է մեզ համար նորմալ համարել որևէ հզորին հենված ու ոչ խաղալիքային վիճակը։

Պետք է վերջապես հասկանալ, որ հնարավորություններից մեծ ամբիցիաները նույնքան, եթե ոչ ավելի, ռիսկային են, քան մեր հնարավորությունները թերագնահատելը։

Այս առումով, ինչքան էլ ցավալի է, բայց գենոցիդի ճանաչման հետ կապված մեր պայքարը, հավանաբար, ամենից ավելի ռիսկայինն է մեր ապագայի համար, քանի որ, բացի թուրքերից, որոնք այս հարցում ամեն գնով փորձում են խուսափել պատասխանատվությունից, կան շատ ավելի հզոր ուժեր, որոնց դա, մեղմ ասած, ձեռնտու չէ։

Այս հարցը շատ նուրբ ու իմաստուն անալիզի կարիք ունի, մանավանդ, հաշվի առնելով, որ, առանց որևէ հովանավորի, մենք ինքներս ենք պատասխանատու մեր քայլերի ու գոյության համար։

Մեր դատարկ ու ավելորդ և մեր հնարավորությունները գերազանցող ամբիցիաների հետ կապված մյուս գոյաբանական բնույթի հարցը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են։

Մեր տկար ու աշխարհի գործերից բան չհասկացող մտածողության համար տարօրինակ ու անհասկանալի է ռուսների նահանջը մեր հարցում։

Անկախ նրանից, թե այդ նահանջի օբյեկտիվ պատճառները որոնք են, մենք պետք է հասկանանք, որ այս հարցում սկզբունքային տարբերություն կա խորհրդային ժամանակներում մեր վիճակի և ներկայի միջև։

Այն ժամանակ, բոլոր ձևականությունները մի կողմ դրած, Հայաստանը ռուսների տարածքն ու սեփականույունն էր, իսկ հիմա մենք նրա համար մի թույլ ու օտար երկիր ենք։

Գոյաբանական բնույթի զգոնությունը մեզ պետք է հուշի, որ, այս հարցի հետ կապված, հիշենք երիտասարդ բոլշևիկյան և սոցիալիստական Ռուսաստանի թշնամական վերաբերմունքը նույնպես սոցիալիստական ու անկախ Հայաստանի ձախլիկ վերնախավի նկատմամբ, որն այնքան իմաստություն չունեցավ, որ անհամեմատ մեծ ուժի հետ անհավասար պայքարի մեջ չմտնի։

Իսկ կովկասյան թաթարներն ու թուրքերը հասկացան այդքան բանն ու, խաբելով բոլշևիկներին, հասան իրենց նպատակներին։

Պետք է հիշել նաև նույն ռուսների վերաբերմունքը դեպի մեզ այն բանից հետո, երբ նրանք Հայաստանը վերջնականապես համարեցին իրենցն ու սկսեցին վերականգնել մեր նորմալ կյանքը։

Հիմա էլ, առանց այս բանը հասկանալու, մենք նեղացածի կեցվածք ենք ընդունել, իսկ Ռուսաստանը, ինչպես միշտ, հետապնդում է իր շահը, որում որևէ զարմանալի բան չկա, և որը խոսում է նաև այն մասին, որ, առանց ուժային հենարանի, մեր կյանքը խիստ կասկածի տակ է։

Իսկ այս հարցում մեզ համար շատ կարևոր կարող է լինել այն հանգամանքը, որ նոր պայմաններում Ռուսաստանը աշխարհի բոլոր հզորների հետ հարաբերությունները կարգավորելու պրոցեսում է և նման պայմաններում չի լքի նաև Հարավային Կովկասը։

Մեզ համար էլ լավագույն լուծումը կլինի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ շահերի տարածք դառնալը՝ պահպանելով ինչ-որ չափի սուվերենիտետ։

Աշխարհի ապագան դեռևս մեծ անորոշությունների մեջ է, և այս իմաստով շատ կարևոր է ԱՄՆ-ի՝ այս նոյեմբերին հաստատված Ազգային անվտանգության նոր մարտավարությունը, որը, ըստ էության, Եվրոպային միայնակ է թողնում Ռուսաստանի դեմ։

Դրանից բացի, այդ փաստաթղթում նշվում է նաև մի որակապես նոր երևույթ, ըստ որի, գերմանական արդյունաբերության քիմիական հսկաներից մի քանիսը, իրենց արտադրությունը ԱՄՆ տեղափոխելու փոխարեն, տանում են Չինաստան, որտեղ կա և՛ գազ, և՛ հոսանք։

Ամեն ինչ դեռ առջևում է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ