Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վարդավառ

Վարդավառ
12.07.2026 | 10:46

Վարդավառն ինձ համար միշտ տոն է եղել։

Ոչ միայն ջրի շիթերի, ծիծաղի ու հանկարծակի ցնցումների համար։ Այն ուներ մի կախարդանք, որը միայն մանկությունը կարող է պահել։

Այդ օրը մեր բակը փոխվում էր։ Սովորական պատերը կարծես հեռանում էին, փողոցը դառնում էր խաղի տարածք, իսկ մարդիկ մի պահ մոռանում էին իրենց հոգսերը։

Հիշում եմ, ինչպես էինք դույլերով դուրս գալիս։ Ոչ ոք չէր նեղանում։ Նույնիսկ նա, ում գոգնոցը պատահաբար թրջում էինք, ժպտում էր ու ասում.

«Թող միշտ տոն լինի ձեր կյանքում»։

Բայց Վարդավառի ամենաթանկ հիշողությունը մի փոքրիկ պատմություն է։

Մեր դասարանի Հարութին կարդալ էի սովորեցնում։ Մի օր ուսուցիչը խնդրեց, որ նա մի տող կարդա։ Չկարողացավ։ Ես անզորությունից լաց էի լինում ու իրեն «դմբո» ասացի։

Մի քանի օր անց նրան տեսա մեր փողոցում։ Հարութը, ինչպես միշտ, կանգնած էր նույն տեղում։

Մի դույլ ջուր վերցրի ու ամբողջությամբ շաղ տվեցի վրան։

Մի պահ նայեց ինձ։ Հետո գնաց, իր դույլը լցրեց, եկավ ու վրաս շուռ տվեց։ Դատարկ դույլն էլ գլխիս կախեց։

Դույլը զնգաց։

Ջուրը լցվեց աչքերիս մեջ։ Արևից տաքացած էր, մի քիչ էլ աղի։

Դույլը չհանեցի։

Մնացել էի կանգնած։ Թաց, շնչակտուր, բայց երջանիկ։

Որովհետև Հարութը տեղից շարժվեց։

Տարիներ անց հասկացա, որ այդ դույլի մեջ իմ ամբողջ զայրույթն էր, իմ լացը, իմ անզորությունը։ Եվ գուցե նրա վիրավորանքը։

Մեր երկուսի փոքրիկ պարտությունը դասարանում։

Գիտե՞ք ինչ եմ մտածում հիմա։ Որ այդ Վարդավառին ես չթրջվեցի։ Ես մկրտվեցի։

Ջուրը մտավ ոչ միայն շապիկիս տակ, այլ սրտիս մեջ։ Ու դուրս հանեց այնտեղից այդ «դմբո» բառը։ Ընդմիշտ։

Վարդավառն ինձ համար հենց դրա համար է տոն։

Երբեմն մանկական խաղերը ասում են այն, ինչ բառերը չեն կարողանում։

Տարիներն անցնում են։ Բակերը փոխվում են, մարդիկ մեծանում են։

Բայց մանկության մի կաթիլ ջուր երբեք չի կորում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ