Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մետրոն մոտեցնենք Կարապի լճին

Մետրոն մոտեցնենք Կարապի լճին
01.10.2013 | 11:28

2011-ի սեպտեմբերի 7-ին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, այցելելով մետրոպոլիտեն, հանձնարարեց նրա տնօրենությանը՝ մշակել կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ծրագիր ու հայեցակարգ՝ ուղղված մետրոպոլիտենի հեռանկարային զարգացմանը: Թղթակիցներից մեկի հարցին պատասխանել էր. «...նոր կայարանների կառուցման խնդիրն անհրաժեշտություն է, սակայն, ցավոք, այսօր այն բավականին թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումն ավելի քան 200-250 մլն դոլար կարժենա: Բայց և այնպես, վստահ եմ՝ կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ»:

Թերևս, այդ օրը կարող էր լինել սրանից 4-5 տարի առաջ, եթե ՀՀ նախկին և ներկայիս նախագահների, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետերի համար Երևանը իրոք, ինչ-որ չափով լիներ հարազատ և սիրված քաղաք, եթե նրանք իրականում անշահախնդիր և անկեղծորեն մտահոգված լինեին Երևանի և երևանցիների հոգսերով ու ցավերով՝ կապված քաղաքի կենտրոնի տրանսպորտային համակարգի աղետալի վիճակի հետ:
Ստորև ներկայացվող առաջարկս այսօր էլ կարելի է ընդունել որպես մետրոպոլիտենի զարգացման կարճաժամկետ ծրագրի մի տարբերակ, որի իրականացումից (1-1,5 տարի) հետո մետրոպոլիտենի տարեկան լրացուցիչ եկամուտը (շահույթը ուղեվարձից) կկազմի առնվազն 4 մլն դոլար, որը ամենամյա ֆինանսական մեծ և շարունակական օգնություն կլինի մետրոպոլիտենի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման գործին` դառնալով նրա ցանցի հետագա ընդլայնման և զարգացման խթանն ու գրավականը: Եվ, ընդամենը 5-7 տարվա նրա շահագործումը բավական կլիներ վերադարձնելու կառույցի վրա ծախսված գումարը:
Դեռևս 2007-ին և 2011-ին ՀՀ նախկին և ներկայիս նախագահներին հղած իմ բաց նամակներում (որոնք, ցավոք, մնացին անարձագանք) առաջարկել եմ Երևանի ճիշտ կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ, Սայաթ-Նովա և Տերյան փողոցների հատման ստորգետնյա հատվածում կառուցել մետրոյի «Երիտասարդական» կայարանի լրացուցիչ մուտք ու ելք, ինչի շնորհիվ առնվազն 80 %-ով (եթե ոչ ավելի) կավելանա ուղևորների թիվը՝ վերը նշված տարեկան համապատասխան լրացուցիչ եկամուտով:
Այն զգալիորեն կբեռնաթափի ավտոխցանումներով գերհագեցած, վաղուց արդեն աղետալի վիճակում հայտնված Երևանի կենտրոնը: Առաջարկությանս նպատակը չափազանց մեծ (գրեթե անսահմանափակ) փոխադրական պոտենցիալ ունեցող Երևանի մետրոպոլիտենի հնարավորություններից առավելագույն չափով օգտվելն է՝ ի նպաստ քաղաքի փոքր կենտրոնի տրանսպորտային դժվարին և բարդ խնդիրների լուծման ու կարգավորման: Երևանի` աներևակայելի մեծ ծավալներով, «սրընթաց» վերակառուցվող, ժամ առ ժամ փոփոխվող, բազմաթիվ նորանոր կառույցներով հագեցվող փոքր կենտրոնում ստեղծված առկա պայմաններում մետրոպոլիտենը, ցավոք, նվազագույն չափով է ծառայում նրա տրանսպորտային համակարգի նորմալ կայացմանը, քանզի այն իրականում շրջանցում է քաղաքի փոքր կենտրոնը: Այսինքն, նա չի ծառայում անմիջապես փոքր կենտրոն եկող և այնտեղից մեկնող պոտենցիալ ուղևորներին: Եվ զարմանալի չէ, որ այսօր մետրոյի ծառայությունից օգտվում է քաղաքային տրանսպորտից օգտվողների 6-8 %-ը միայն:
Մետրոյի այդ նոր մուտքը, ընդամենը շարժասանդուղքի (էսկալատորի) և ոչ շատ երկար ստորգետնյա թունելի օգնությամբ, կմիանա «Երիտասարդական» կայարանի ընդարձակ կառամատույց-սրահին (գծագրում պահպանված է մասշտաբային ճշտությունը), այսինքն, «Երիտասարդական» կայարանը կունենա ևս մեկ՝ լրացուցիչ մուտք ու ելք Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Կարապի լճի հարևանությամբ:
Առաջարկվող մուտք ու ելքի տեղն ու աշխարհագրական դիրքը հասանելի և շատ մոտ կլինի բազմաթիվ պետական ուսումնական հաստատություններին (Ն. Աղբալյանի, Ստ. Շահումյանի, Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցներին, ինչպես նաև Կոմիտասի անվ. կոնսերվատորիային), մշակույթի և արվեստի օջախներին (Օպերայի և բալետի պետական ազգային թատրոնին, Ա. Խաչատրյանի անվ. մեծ համերգասրահին, Ռուսական թատրոնին, «Մոսկվա» կինոթատրոնին, տիկնիկային թատրոնին, նկարիչների տուն-ցուցահանդեսին, Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանին, Հ. Թումանյանի և Մ. Սարյանի տուն-թանգարաններին), հյուրանոցներին («Անի» և այլն), հանգստյան գոտուն` իր վերնիսաժով և հուշարձաններով, բազմազան կենցաղսպասարկման ձեռնարկություններին, անթիվ սրճարաններին ու ռեստորաններին, առևտրի զանազան կենտրոններին, Ազատության հրապարակին՝ այնտեղ հաճախակի կազմակերպվող տոնական համերգներով, շոուներով, ձմռանը՝ Կարապի լճի սահադաշտին և այլն: Հատկապես կարևոր և անգնահատելի է նրա մոտ գտնվելը Հյուսիսային պողոտայի համալիրին և Կասկադին՝ իրենց բազմահազարանոց բնակիչներով և այցելուներով:
Առաջարկված տեղում մետրոյի լրացուցիչ մուտքի հնարավոր առկայության հանգամանքը կարող է հեղաշրջել մայրաքաղաքի կենտրոնի ողջ տրանսպորտային համակարգը՝ զգալիորեն կրճատելով փոքր կենտրոն տանող վերգետնյա բոլոր տեսակի փոխադրամիջոցները, այդ թվում և երթուղային գծերը, որի ռացիոնալ և խելամիտ լուծման և կարգավորման դեպքում փոքր կենտրոնը ձեռք կբերի նոր կարգավիճակ և իմաստ, դրանով իսկ կդառնա կենտրոնի ևս մեկ յուրօրինակ այցեքարտ: Կնվազի օդի աղտոտվածությունը: Չնախատեսված հանգամանքներում (արտակարգ իրավիճակներ) կամ էլ խիստ անհրաժեշտության դեպքում կօգնի հնարավորինս արագ, ապահով, առանց որևէ (վերգետնյա տրանսպորտին հատուկ) խոչընդոտների, սեղմ ժամկետում «դատարկելու» կենտրոնը բնակիչներից: Շեշտակի կավելանա մետրոյից օգտվողների թիվը, և շատ հնարավոր է, որ դրա հետագա շահագործումը մոտ ապագայում կդառնա շահութաբեր, ինչն իր հերթին մետրոպոլիտենին կօգնի աշխատելու առանց պետական ֆինանսավորման: Հօգուտ մետրոպոլիտենի կփոխվի նաև վերգետնյա տրանսպորտի ծառայությունից օգտվողների քանակական հարաբերությունը: Չի բացառվում, որ մետրոյի ծառայությունից օգտվողների թվի շեշտակի ավելացումը հնարավորություն ընձեռի ստորգետնյա այս փոխադրամիջոցին աշխատելու մինչև ուշ գիշեր (հերթապահ ռեժիմով):
Բաց նամակներս անարձագանք մնալուց հետո առաջարկությունս ներկայացրի ՀՀ հանրային խորհրդի դատին (10.11.2009 թ.): Պատասխանը եղավ, որ 2005 թ. կազմված Երևանի գլխավոր հատակագծում մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային նախագծում իբր արդեն իսկ արտացոլված է իմ առաջարկած լուծումը, այն է՝ մետրոյի մուտք ու ելք նաև Կարապի լճի կողմից, որը, մեղմ ասած, կանխամտածված ապատեղեկացում էր, հօգուտ քաղաքի այրերի: Վերոհիշյալ նախագծով նախատեսվում է մուտք ու ելք բացել ոչ թե Սայաթ-Նովա և Տերյան, այլ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման տեղում, Կաթողիկե եկեղեցու մոտ, որը թերևս քիչ հեռանկարային տարբերակ էր և ինչ-որ տեղ չարդարացված, քանզի այն անհամեմատ հեռու կգտնվի Կարապի լճին հարակից և նրան մոտակա բոլոր վերը թվարկված հասարակական հաստատություններից և օբյեկտներից, ինչի պատճառով էլ, բնականաբար, նրա շահավետության աստիճանն ակնհայտորեն փոքր կլինի, քան Կարապի լճի հարևանությամբ: Այսպես թե այնպես, առաջարկությունս կտրականապես մերժվեց:
Ցավալի է, որ յուրաքանչյուր երևանցու համար կենսական նշանակություն ունեցող հարյուր և ավելի տարիների համար նախատեսված հանրային կառույցները կյանքի ուղեգիր են ստանում առանց լուրջ սոցիոլոգիական հարցումների, մանրակրկիտ և արդարացի վերլուծության, առանց հաշվի առնելու երևանցիների կարծիքն ու ցանկությունը:
Կրկնակի ցավալի է, որ նման՝ հանրապետական նշանակությամբ հսկայածավալ շինություններն անգամ (Հյուսիսային և Գլխավոր պողոտաները Երևանում) վերջին 10 տարում կառուցվել և այսօր էլ կառուցվում են ընդամենը մի խումբ մարդկանց որոշմամբ և հովանավորությամբ, ինչի պտուղներն այսօր, ցավոք «ըմբոշխնում» են շարքային երևանցիները:
Այնինչ, համապետական նշանակության հանրային օբյեկտների, տվյալ դեպքում՝ մետրոյի լրացուցիչ մուտք ու ելքի տեղի ընտրության հարցը երբևէ չպետք է որոշվի միայն քաղաքապետի, քաղաքի գլխավոր ճարտարապետի գրասենյակներում մեկ կամ մի խումբ իշխանավորների ցանկությամբ, քմահաճույքով կամ պարտադրանքով, չպետք է կապվի կամ ածանցվի ինչ-ինչ երկրորդական նշանակության հանգամանքների՝ հատկացվելիք գումարի, տարբեր բիզնես-պրոյեկտների, ստորգետնյա ավտոկայանատեղիների, հեռանկարային այլ շինությունների կառուցման պլանների հետ և այլն:
Իհարկե, հարցն այդքանով փակված կլիներ, եթե 2012-ի դեկտեմբերի 5-ի «Օրակարգ» թերթից չտեղեկանայի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրի կառուցման կապակցությամբ ՀՀ կառավարությունը հրաժարվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցումից Կաթողիկե եկեղեցու մոտ (գուցե և որևէ այլ տեղ և ընդմիշտ):
Այսպիսով, մեր քաղաքային իշխանություններին «փրկեց» այս «ծանրակշիռ» պատրվակ-պատճառը «Մաքուր խղճով» հրաժարվելու շարքային երևանցիներիս համար չափազանց արդիական և խիստ անհրաժեշտ «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցումից, ինչը ճակատագրական շատ մեծ փորձություն և ծանր քննություն կլիներ նրանց համար:
Իսկ եթե իշխանությունները, այնուամենայնիվ, երբևէ որոշեն կառուցել այդ լրացուցիչ մուտքը, ապա հուրախություն երևանցիներիս` ստիպված կլինեն արդեն այն կառուցել հենց Կարապի լճի հարևանությամբ, որն անվիճելիորեն ամենահաջող և ամենաշահեկան տարբերակն է բոլոր առումներով:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երկրի ներկայիս և նախկին նախագահներին, ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, տեղյակ չեն պահել այս առաջարկության մասին, քանզի նրանք չէին կորցնի այս առիթն ու շանսը նվիրելու Երևանին և երևանցիներին այդ շատ անհրաժեշտ կառույցը, ինչպիսի «լուրջ» և «ծանրակշիռ» հակափաստարկներով էլ որ ներկայացնեին նրանց առաջարկության նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը:


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, ըստ նույն հոդվածի՝ Երևանի մետրոպոլիտենի լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի առաջին փուլով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ժամանակին հատկացվել է 15 մլն եվրո, իսկ 2012-ի օգոստոսին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը՝ կրկին 15 մլն եվրո արժողությամբ: Նշեմ նաև, որ 2011-ի հուլիսից կրկնապատկվեց մետրոյի ուղեվարձը:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ