Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»

«Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»
22.11.2013 | 15:51

Այսօր «Արեգ» համահայկական խնդիրների գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպած` «Կենսաթոշակային կուտակային համակարգի հակասոցիալական և ապազգային էությունը» թեմայով մամուլի ասուլիսում, հասարակագետ Կարինե ՀԱԿՈԲՅԱՆԸ` պատասխանելով «արդյո՞ք սա պետության կողմից հերթական քայլն է, երբ որ ընդունվում են որոշումներ` հաշվի առնելով որոշակի մարդկանց անձնական շահերը, թե՞ սա պետք է ընդունել որպես բարեփոխում, որը պարզապես քայլ է դեպի առաջադեմ Եվրոպա, դեպի հասարկություն» հարցին` ասաց. «Այն բարեփոխումները, որոնք չեն բխում մարդու և հասարակության շահերից, դժվար է կոչել բարեփոխումներ: Իմ կարծիքով կենսաթոշակային կուտակային համակարգի օրինագիծը այն օրենքների շարքում է, որը չի բխում մեր երկրի, մեր անկախության շահերից»:
Հասարակագետի խոսքով` այս օրենքի հետ կապված, մենք ավելի շատ խոսում ենք մարդու իրավունքների ոտնահարման մասին. «Դա իսկապես այդպես է, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի` որտեղ է ուզում դնել իր անձնական գումարը և երբ է դա դնում»,-տարակուսեց նա: Ըստ բանախոսի, երկրորդ ամենակարևոր հանգամանքներից է այն, որ խախտվում է սոցիալական համերաշխության սկզբունքը: «Սոցիալական համերաշխություն չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պետք է պարտադիր հավասար սոցիալական մակարդակի վրա գտնվի: Սոցիալական համերաշխությունն այն է, որ բնությունից տարբեր կարողություններով, հնարավորություններով և հաջողության տարբեր աստիճաններով մարդիկ համերաշխ են միմյանց հետ»:
Երրորդ հանգամանքը` մեր ազգային պետականության անվտանգության հարցն է: «Այս խնդիրը վտանգում է մեր երկրի անվտանգությունը: Մենք, այսպես ասած, մեր անձնական գումարը պահ ենք տալիս օտար կազմակերպությանը»,-նկատեց Կ. Հակոբյանը` ընդգծելով, որ իշխանությունը չէ, որ պետք է որոշում կայացնի այս հարցում:
Մի՞թե Հայաստանում չկան նման մասնագետներ, ովքեր կարող էին տնօրինել այդ գումարները, ինչո՞ւ հենց օտար կազմակերպությունը: Հասարակագետի ձևակերպմամբ, դա մեր կառավարության հերթական ոչ թափանցիկ աշխատանքն է:
Հարցի լուծման միակ ելքը տիկին Հակոբյանը տեսնում է զանգվածային բողոքների, ակցիաների և նմանատիպ այլ գործողությունների մեջ: «Համախմբվածությունն է մեզ պակասում և ցավալի է, որ երբեք չենք կարողանում ազգովի համախմբվել»,-ասաց նա:
«Պետությունը սրանով քարոզում է էգոիզմ և հակամարդկային վերաբերմունք: Կարծում եմ, որ սա կնպաստի միջին խավի արտագաղթին: Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն, որտեղ հասարակությունը ձայն հանելու իրավունք չունի»: արձանագրեց Կարինե Հակոբյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ