Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիք»

«Ամուր է այն ազգը,  որն ունի ամուր ընտանիք»
15.05.2015 | 11:11

Ընտանիքը, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ժողովրդի բարեկեցությունը, նաև մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է: Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը գնահատել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանով ու վերջինիս հանդեպ պետության վերաբերմունքով:
Ընտանիքի դերը պետության և հասարակության մեջ առավել կարևորելու և միջազգային հանրության ուշադրությունը ընտանեկան բազմաթիվ խնդիրների վրա գրավելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպության անդամ երկրներին (1993 թ.) կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս այդ օրը նշում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, ՈՒկրաինայում։
Հայաստանում այն սկսել են նշել 2011 թվականից` «ՀՀ պետական տոնացույցում տոների և հիշատակի օրերի մասին» լրացումներ և փոփոխություններ կատարելու, մայիսի 15-ը «Ընտանիքի օր» սահմանելու և ամեն տարի այն որպես տոն նշելու օրինագծի (ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ) ընդունումից հետո։
-Ո՞րն է «Ընտանիքի օր» օրինագծի հիմնական նպատակաուղղվածությունը,- հարցով սկսեցինք զրույցը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ, օրինագծի հեղինակ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՌՈԶՅԱՆԻ հետ:
-Օրինագիծը առաջնահերթորեն նպատակաուղղված է ընտանեկան օրենսդրության բարեփոխմանն ու ընտանիքի կարգավիճակի ամրապնդմանը: Այն միաժամանակ միտված է պետական այրերի, գործարարների և քաղաքական վերնախավի պատշաճ ուշադրությունը հրավիրելու ընտանիքի ամրապնդման կարևորագույն գործին, ինչպես նաև ընտանիք-հասարակություն-պետություն փոխադարձ կապի զարգացմանը:
-Օրինագծի ընդունումը ի՞նչ արձագանք գտավ հասարակական կազմակերպությունների և գիտական ոլորտի կողմից:
-Օրինագծի ընդունումն ու ընտանիքի տոն ունենալու մասին մեր առաջարկը մեծ հավանության արժանացավ ինչպես հարյուրից ավելի հասարակական, մշակութային կազմակերպությունների, այնպես էլ գիտական ոլորտի բազմաթիվ հեղինակավոր անհատների և ճանաչված գործիչների կողմից: Աշխատանքների իրականացման արդյունքում հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաև կրթական հաստատությունների հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ էլ մեր կազմակերպության կողմից իրականացվող «Ընտանիք» ծրագրի շրջանակներում կնքվել են համագործակցության պայմանագրեր:
-Ո՞րն է նշված ծրագրի հիմնական գործունեությունը և ե՞րբ է այն մշակվել:
-«Ընտանիք» ծրագիրը, որի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով վերջին տասնամյակում ավելացող ամուսնալուծությունների հնարավորինս կանխմանն ու նվազող ամուսնությունների, ծնունդների ավելացմանը, մշակել և ՀՀ կառավարություն ենք ներկայացրել դեռևս 2009 թվականին: Ծրագրի գործունեությունը միտված է նաև ոլորտին առնչվող կառույցների, պետական մարմինների հետ ինստիտուցիոնալ համագործակցության և ընտանիք-հասարակություն-պետություն փոխադարձ կապի զարգացմանը: Օրենքի ընդունումից հետո ծրագրի շրջանակներում մտադիր ենք առաջիկայում հիմնել ընտանիք-դպրոց փոխհարաբերություններով զբաղվող կազմակերպություն և ընտանեկան ճաշարաններ: Մտադիր ենք նաև դատաիրավական համակարգի մեջ ներդնել ընտանեկան փաստաբանի ինստիտուտը: Վերոհիշյալ նախագծերն ու առաջարկները ներկայացրել ենք ՀՀ կառավարություն, արդարադատության նախարարություն: Վերջիններս դրականորեն են արձագանքել հատկապես մարզերում և համայնքներում ընտանիքի աջակցության կենտրոններ ստեղծելու գաղափարին:
-Ըստ Ձեզ, ո՞րն է ամուր ընտանիքի ստեղծման նախապայմանը:
-Իմ կարծիքով, ամուսնական միությունը, որի հիմքում փոխադարձ սիրո դաշինքն է, պետք է կառուցել ոչ թե նյութական արժեքների վրա, այլ հոգևոր` Աստծո տաճարում Նրա ներկայացուցչի օրհնությամբ, քանի որ միայն այդ ձևով ստեղծված ընտանեկան օջախում է լինում ներքին, հոգևոր ջերմություն: Իսկ երբ այն հիմվում է նյութական արժեքների վրա և բացակայում է հոգևոր առանցքը, ամեն մի հասարակ խնդիր կարող է ամուսինների բաժանման պատճառ դառնալ:
Ընտանիքում մեծ ուշադրություն պետք է դարձվի ինչպես երեխաների դաստիարակության, այնպես էլ նրանց սոցիալական ապահովման խնդրին: Ծնողների մեծագույն առաքելությունն է, քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ, երեխային ուղղորդել դեպի լավը, օգնել ընթանալու ճիշտ ուղիով:
-Ամուսնանալիս ո՞ր դեպքերում է կարևորվում ծնողների համաձայնությունը կամ օրհնությունը:
-Ասեմ, որ այդ պարագայում ծնողների համաձայնությունը և երեխաների ազատ կամքը պետք է փոխլրացնեն միմյանց: Ծնողների համաձայնությունը ընտանիքի ստեղծման գործում կարևորվում է այն դեպքում, երբ զգացմունքները խանգարում են տղային կամ աղջկան` օբյեկտիվորեն տեսնելու իրականությունը և ճանաչելու այն մարդուն, ում հետ ամուսնանում են: Երբեմն ծնողները, կարևորելով տղայի սոցիալական դիրքը, նյութական վիճակն ու զուտ մասնագիտությունը, կարող են դեմ լինել ամուսնությանը: Այս պարագայում հաղթողը ամենակարող սերն է, որն օրհնում է եկեղեցին: Շատ կարևոր են նաև այն խնդիրները, որոնք առաջանում են կողակիցների և ծնողների միջև: Դրանք կարող են հարթվել, եթե հարգանք դրսևորվի նրանց հանդեպ և հաշվի առնվեն նրանց մղումները` թույլ չտալով, որ այդ պատճառով լարվածություն և վեճեր լինեն ընտանիքում: Ասեմ, որ տղամարդը և կինը թե ֆիզիկապես, թե հոգեպես պետք է պատրաստ լինեն ամուսնական միությանը, կարողանան լիարժեքորեն պատկերացնել իրենց դերն ու գործունեությունը ընտանիքում և նախապես պատրաստ լինեն դրան, քանի որ տվյալ գործոնի բացակայության դեպքում ընտանիքը կարող է չկայանալ կամ փլուզվել:
-Ի՞նչ կարծիք ունեք ոչ ավանդական «ամուսնությունների» և նմանատիպ այլ երևույթների նկատմամբ:
-Մենք շարունակաբար մասնակցում ենք ոչ ավանդական «ամուսնությունների» օրենսդրության ստեղծման դեմ ուղղված աշխատանքներին` ներկայացնելով նաև այդ օրենքում պարունակվող վտանգները մեր ազգի համար: Սահմանադրական վերջին բարեփոխումների ընթացքում «Ընտանիք և ամուսնություն» գլխում ուշադրության կենտրոնում էր հայտնվել «տղամարդու և կնոջ միասնությունը ընտանիք կազմելու նպատակով…» բառակապակցությունը: Որպեսզի այլ երկրների օրինակով մեր նոր Սահմանադրության մեջ «կնոջ և տղամարդու» փոխարեն հանկարծ չամրագրվի «երկու մարդկանց» բառակապակցությունը, մեր հասարակական կազմակերպություններն ու ոլորտի պատասխանատուները այդ ուղղությամբ մեծ աշխատանք իրականացրին: Մեր կազմակերպությունը, ամենուր ներկայացնելով առողջ և կայուն ընտանիք ունենալու գործում հասարակության պահանջները, կտրականապես դեմ է համասեռ ամուսնությունների օրինականացմանը, քանի որ նորմալ ընտանիքի ստեղծման առաջին նախապայմանը տարասեռությունն է: Ասեմ, որ վերոնշյալ օրենքը հակասոցիալական, հակահասարակական երևույթ լինելուց բացի, գլոբալիզացիոն լուրջ վտանգ է մեր ազգային պետականությանն ու դարերով մշակված և ի վերուստ մեզ տրված քրիստոնեական մշակույթին:
-Խնդրում եմ նշեք «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» կազմակերպության դերը հայ ընտանիքի պահպանման և կայացման գործում:
-Կազմակերպության գործունեությունը (ստեղծվել է 2004 թվականին) նպատակաուղղված է ընտանիքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները պաշտպանելու, նրանց իրավագիտության մակարդակը բարձրացնելու, իրավունքի գերակայության և օրենքի իշխանության սկզբունքները կիրառական դարձնելու գործին: Այդ նպատակով իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ` արդյունքում ձեռք բերելով հազարավոր շահառուներ և անդամ կազմակերպություններ: Ֆինանսավորում չունենալու պատճառով աշխատանքներն իրականացնում ենք հիմնականում կամավորական ուժերով: «Ընտանիք» ծրագիրը ԱՊՀ երկրներում իրականացնելու, դրա շրջանակում փորձի փոխանակման և առաջավոր փորձի ներդրման նպատակով համագործակցական համաձայնագրեր ունենք ՌԴ և ԱՊՀ երկրներում գործող մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Սերտ կապերի մեջ ենք հատկապես Մոսկվայի իրավաբանների ասոցիացիայի հետ: Ազգանվեր այս կարևոր խնդիրների արդյունավետ իրականացման գործում ակնկալում ենք նաև մեր հարազատ երկրի, ժողովրդի, գործարարների և պետության աջակցությունը:
-Ի՞նչ կմաղթեք, կամ Ձեր սրտի խոսքը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
-Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ մեր ավանդապաշտ պապերի` «մի բարձի ծերանաք, յոթ որդով սեղան նստեք» պատգամը: Հայերիս համար ընտանիք հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի, քանի որ դարեր շարունակ այն եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման ինքնատիպ միջավայր, որտեղ դաստիարակվել են ազգային արժեքներ դավանող մեր սերունդներն ու իրենց ստացածը հետագայում նույն ձևով փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ հենց դա է եղել մեր ազգի հարատևման ամենակարևոր գրավականը: Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու ամենակարևոր գործոններից մեկը: Ի վերջո, ինչպես ասել է մեծ գրող Մուրացանը, «ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիք»:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 8035

Մեկնաբանություններ