Երևանի համայնքային 2014 թ. ծրագրերի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգի է կառուցվել: Երևանի ավագանու 2015 թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով: Շուրջ 5,64 հա ընդհանուր մակերեսով այգում ապահովվել են լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այգում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորերով են փոխարինվել եզրաքարերը, ինչպես նաև կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով: Այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով, ցայտաղբյուրներով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել են թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ: Տարաբնույթ միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Ճարտարապետական հետաքրքիր լուծման միջոցով այգում կա կանաչ լաբիրինթոս: Կառուցվել է 44 փոքր շատրվաններով համալրված ջրավազան: Հանգստի գոտին ապահովվել է շուրջ 3200 գծմ ոռոգման նոր համակարգով ու էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նոր ցանցով: Տարածքում գործում են նաև սանհանգույցներ: