Փախստականների խնդրով անհրաժեշտ է զբաղվել համակարգված՝ ասված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ փաստաթղթում։ «Միջազգային հանրությունը փախստականների խնդրի լուծման ուղիներ որոնելու համար պետք է անի հստակ և իրատեսական քայլեր: Դա մեծ խնդիր է Եվրոպայի և ողջ աշխարհի համար»,- ասված է կոմյունիկեում։ Խորհուրդը քննարկել է Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ու Թուրքիայի օդային տարածքի խախտումների դեպքերը: «Գնահատվել է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումն ու քաղաքականությունը՝ պայմանավորված տարածաշրջանում սիրիական ռեժիմի հանդեպ տեղի ունեցող իրադարձություններով»,- ասված է կոմյունիկեում: Անվտանգության խորհուրդը հաստատել է «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու վճռականությունը։ ԱԽ նիստը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: