Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի

Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի
12.04.2016 | 00:23

Նորություն չեմ ասում. ապրիլի 2-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում, և մեզ սպասում են տարբեր մարտահրավերներ: Մեր ընդհանուր տանը մի նոր շրջան սկսվեց՝ միմյանց է՛լ ավելի հավատալու, միմյանց թիկունք կանգնելու, միակամ և միասնական լինելու։
Կորուստների անպարփակ ցավին գումարված հաղթանակի բերկրանքը մեզ ուսուցանում է, որ պարտավոր ենք բոլորս մեր զինվորի կողքին լինելու: Զավակներին կորցրած մեր հայրենակիցների ցավը զգանք, միասին սգանք, ամոքենք: Մարտական գործողությունների մասնակից, թե օգնող՝ մենք փառքով դիմագրավեցինք հերթական մարտահրավերը, իրոք հավատի ուժը սարեր կարող է շրջել: ՈՒրեմն հավատանք մեկս մյուսին, միմյանց մեջ տեսնենք լավը, բարին, դրականը։ Համաժողովրդական միասնություն՝ հանուն մեր հայրենիքի:
Ժողովուրդն ասում է՝ հայրենիքը քաղցր է, իսկ երբ նրան վտանգ է սպառնում՝ ավելի է քաղցրանում և դառնում է գերագույն արժեք:
Հանուն հայրենիքի և՛ արտաքին, և՛ ներքին կյանքում լինենք միասնական, դա է մեր խնդիրների լուծման իրական երաշխիքը: Եկել է պահի կարևորությունը զգալու, գնահատելու ժամանակը, ուրեմն ճիշտ գնահատենք իրողությունը և տանք մեր պատասխանը աշխարհին:
Տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով լի մեր պատմությունը, դաժան փորձություններով ու դժվարություններով լեցուն ճակատագիրը մեզ հնարավորություն են ընձեռում միասնական ու միակամ ծառայելու մեր ընդհանուր հայրենիքին: Մենք պետք է զգանք, տեսնենք, շրջանցենք վտանգը: Ժողովուրդն ասում է՝ ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Մեզ համար եկել է հայրենիքին ծառայելու և մեր խնդիրները համախմբված լուծելու ժամանակը:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ