Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Եթե ես մահանամ, Ջոկոնդան կողբա իմ մահը»

«Եթե ես մահանամ, Ջոկոնդան կողբա իմ մահը»
21.09.2017 | 16:50

Երևանի Աբովյան 13 շենքի արտաքին պատին (Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոն) փակցվեց Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

Նախաձեռնությունը դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻՆՆ է: «Իրատեսը» հետաքրքրվեց, թե ինչու՞ ընտրվեց հենց այդ կոլաժը:


«Շատ հայտնի և ամենակարևորը, խորհուրդ ունեցող կոլաժ է: Մարդը, լինելով հանճար, չի վախեցել մեկ այլ հանճարի գործը դարձնել իրենը: «Ջոկոնդա» շարքի առաջին կոլաժն է: Ջոկոնդաների շարքը, առհասարակ, շատ հետաքրքիր է»,- ասաց Արամ Նիկոլյանը: Խոսելով աշխատանքի կատարման բարդությունների մասին` ասաց, որ նորագույն տեխնիկայի (ապակու փորագրություն, որ ամբողջովին ձեռքով է արված) և դարերից եկած վիտրաժային տեխնիկայի համադրումն արդեն իսկ բավական դժվար է:
Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Փարաջանովը բանտում է պատրաստել այդ գործը, ուղարկել է կնոջը` գրելով. «Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը»: Իսկ կյանքի վերջում Ջոկոնդաների շարքն է սարքել`12 աշխատանք, որոնցից 11-ը թանգարանում են:


«Քաղաքի համար ի՞նչ խորհուրդ ունի այս աշխատանքը»`հարցին ի պատասխան Զ. Սարգսյանն ասաց, որ Ջոկոնդայի մետամորֆոզներից է, արվեստի գործը միշտ էլ մտածելու տեղիք է տալիս դիտողին. «Հետաքրքիր է` ինչպես է արձագանքել դժվարություններին: Էլ ուրիշ ո՞վ այդպիսի բան կհնարեր, միայն Փարաջանովի պես ֆանտազիա ունեցող մարդը»:


«Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները, արվեստագետներ, արվեստասերներ:

Նախաձեռնության հեղինակը Նիկոլյան նորաձևության տունն է՝ Ararat լեգենդար կոնյակների հետ։ Նախագիծն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հ.Գ. Հուսանք, որ ապակե Ջոկոնդան կշահի երևանցիների սերը և զերծ կմնա
ոտնձգություններից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ