ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
11.06.2025 | 11:43

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։

Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։

Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։

Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։

ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համահայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։

ՀՅԴ Բյուրո

10.06.2025

Դիտվել է՝ 12152

Մեկնաբանություններ