ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Զուգահեռները թողնում եմ ձեզ

Զուգահեռները թողնում եմ ձեզ
19.06.2025 | 10:43

1896 թ․ Կովկասի կառավարչապետ նշանակվեց իշխան, գեներալ-ադյուտանտ Գրիգորի Գոլիցինը՝ լուսանկարում պատկերվածը։ Սա ակնհայտ հայատյաց էր, որը բացեիբաց հռչակեց․ «Այնպես կանեմ, որ միակ հայի խրտվիլակը մնա Թիֆլիսի թանգարանում»։

Ձգտելով իրականացնել իր հակահայ քաղաքականությունը, նա փորձեց հակադրություններ սերմանել ազգամիջյան, ի մասնավորի դարեր շարունակ միմյանց հետ համակից ապրած հայերի ու վրացիների, փոխհարաբերություններում։

Ստանալով ցարի հավանությունը, նա 1903 թ․ հունիսին հրապարակեց հայ եկեղեցու գույքի, ունեցվածքի բռնագրավման մասին օրենքը։ Ըստ էության, պետական օրենսդրական ակտով փորձ արվեց վերացնել հայ ժողովրդի գոյատևման հիմքը՝ Հայ Առաքելական եկեղեցին, և արևելահայությունն առհասարակ՝ «գլխատելով» այն։ Բռնագրավվեցին եկեղեցապատկան կալվածքները, հասութաբեր հաստատությունները, շարժական և անշարժ գույքը, իսկ կանխիկ գումարը կազմեց 1 մլն 775 հազար ռուբլի։

Ժողովուրդը, բնականաբար, ոտքի ելավ, ըմբոստացավ, տեղի ունեցան համատարած ընդհարումներ ոստիկանության ու զորքերի հետ, որոնց զոհ գնացին բազմաթիվ հայորդիներ։ Իսկ Հնչակյան կուսակցության երեք անդամներ 1903 թ․ հոկտեմբերի 13-ին մահափորձ իրականացրին Գոլիցինի դեմ, ինչի հետևանքով նա վիրավորում ստացավ, ստիպված հեռացավ Կովկասից, ու տխրահռչակ օրենքը 1905-ին վերացրեց ցարը։

Գոլիցինի խոսափողն էր «Кавказ» պաշտոնաթերթի անսպեռ խմբագիր Վ․ Վելիչկոն, որը պարբերաբար հանդես էր գալիս Ա․ Մանթաշյանցի դեմ նողկալի հրապարակումներով և նրան անվանում «բարեգործության ախտով տառապող» անձնավորություն։

------------

Կհամարձակվեմ ասել, որ ես հիմնովին, ամբողջովին ուսումնասիրել եմ հայոց բարեգործության պատմությունը և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ հայոց բարերարության գագաթը Ալեքսանդր Մանթաշյանցն է, որի հետ կարող է համեմատվել միայն Սամվել Կարապետյանը։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 38246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ