Սիրելի՛ քրիստոնյաներ,
հուլիսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է մեր հավատքի հիմնադիրներից Սուրբ Թադեոս առաքյալի և հայ առաջին քրիստոնյա նահատակ Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։
Այս առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 10:30-ին, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Սուրբ Պատարագին, միասին աղոթելու և հայցելու Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի բարեխոսությունը մեր ժողովրդի, մեր Սուրբ Եկեղեցու, մեր աստվածապարգև հայրենիքի և մեր ընտանիքների համար։
Սուրբ Թադեոսը Քրիստոսի ընտրյալ տասներկու առաքյալներից էր, ով առաջիններից եղավ, որ Ավետարանի լույսը բերեց Հայոց աշխարհ՝ դառնալով մեր առաջին ավետարանիչը։ Նրա առաքելական քարոզչությունը պսակվեց նահատակությամբ։
Սուրբ Թադեոսի քարոզությամբ Քրիստոսին հավատաց նաև հայոց Սանատրուկ թագավորի դուստրը՝ Սուրբ Սանդուխտ կույսը։ Չնայած հայրական սպառնալիքներին ու հեթանոսական հալածանքներին՝ նա չուրացավ Քրիստոսին, անսասան մնաց իր հավատքի մեջ և դարձավ հայ առաջին քրիստոնյա սրբուհին ու նահատակը։
Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի արյամբ սրբագործվեց հայոց հողը, որի վրա տարիներ անց հաստատվեց հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը և ծաղկեց քրիստոնյա Հայաստանը։
Այս տոնը մեզ հիշեցնում է, որ մեր Եկեղեցին հիմնված է առաքյալների քարոզության և նահատակների վկայության վրա։ Քրիստոնեական հավատը մեզ է հասել նրանց անձնազոհ ծառայության, արիության և հավատարմության շնորհիվ, ուստի նրանց հիշատակը նաև կոչ է մեզ՝ կյանքի բոլոր փորձությունների մեջ հավատարիմ մնալու Քրիստոսին և Մայր Եկեղեցուն:
Փա՜ռք Աստծուն ամեն ինչի համար։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ