Ընտանիքը սրբություն է եղել մեր ժողովրդի համար հազարամյակներ շարունակ, և ընտանիքին ուղղված հարվածները մերժվել են բոլորի կողմից։
Երբ 4-րդ դարում հայոց Մուշեղ Մամիկոնյան սպարապետը պատերազմի ժամանակ գերեվարել էր պարսից Շապուհ արքայի ընտանիքին, մատով չէր դիտել նրանց և պատվով հետ էր ուղարկել Պարսկաստան, ինչի համար հետագայում պարսից շահը հատուկ խմում էր հայոց սպիտակ ձիավոր սպարապետի կենացը՝ որպես սրբազան արժեքներին հավատարիմ։
Իսկ երբ ավելի ուշ արաբ կամ թուրք զավթիչներն էին հարձակվում Հայաստանի վրա, փորձում էին վնասել հայ առաջնորդների ընտանիքներին, նույնիսկ նրանց ընտանեկան հանգստարանից (գերեզմանատուն) ոսկորներ էին գողանում, որ մեծ ցավ պատճառեն։
Ընտանիքի պատիվը հայերի համար միշտ եղել է հայրենիքի պատվին հավասար սկզբունք։
1990-ականների Արցախյան պատերազմի, ինչպես նաև 2020-ի պատերազմի ժամանակ ադրբեջանցիները, որևէ բնակավայր գրավելիս, առաջինը քանդում էին ընտանեկան հանգստարանները, պղծում շիրմաքարերը, տներում գտնում ընտանեկան ալբոմներ ու հրեշավոր խոսքեր ուղղում ընտանեկան նկարներում պատկերված հայ աղջիկների ու կանանց հասցեին, դաժան կերպով վարվում գերեվարված ընտանիքների նկատմամբ։
Ադրբեջանցիները և թուրքերը բազում անգամներ հայ հայրերի աչքի առաջ սպանել են որդիներին։
Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները իրենց հրետանին տեղադրում էին բնակելի տների հետևում, որտեղ ապրում էին ադրբեջանական ընտանիքներ։ Դրա նպատակն այն էր, որ հայերը հանկարծ պատասխան կրակ չբացեն թշնամու վրա։ Գիտեին, որ հայերը շանտղություն չեն անի ընտանիքների դեմ։
Մեր ժամանակներում էլ մինչև վերջերս երբեք ընտանիքի նկատմամբ շանտղություն չեն արել Հայաստանի իշխանությունները։ Ընդդիմադիր գործիչներին ինչքան էլ հետապնդեին, կալանավորեին, նույնիսկ խոշտանգեին, որևէ մեկի մտքով չէր անցնում ընտանիքին վնասել կամ շանտաժի ենթարկել։
Ես երբեք չեմ տեսել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք որևէ ընդդիմադիր գործչի ընտանիքը հետապնդվի պետության կողմից։
2008-ին երբ Կարապետ Ռուբինյանին կալանավորում էին իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով ու պահում ԱԱԾ մեկուսարանում, որևէ մեկի մտքով չէր անցնում նրա որդուն՝ Ռուբեն Ռուբինյանին ճնշել, հալածանքի ենթարկել, թեպետ կարող էին ստեղծել դրա համար հիմքեր։
Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ իրեն պատկանող թերթի ղեկավար էր նշանակել իր կնոջը, որ հանկարծ թերթի նկատմամբ իշխանական հարձակումներ չլինեն։ Փաշինյանը գիտեր, որ ինքը բանտ էլ նստի, իր ընտանիքը ապահով է, և իշխանության կողմից որևէ հետապնդում չի լինելու։
Իսկ այսօր բոլոր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ուղեկցվում են ընտանիքներին ուղղված հարվածներով։
Վերջերս իմ տան վրա կատարված հարձակման ժամանակ ևս ՔՊ -ի անդամները ընտանիքիս ուղղված հայհոյանք հնչեցրին, որ սադրեն ու, կռիվ հրահրելով, առևանգեն ինձ։ Չստացվեց։ Փախան, բայց ընտանիքիս ուղղված հայհոյանքի համար դեռ իրավական ու բարոյական պատասխան պիտի տան։
Ձեզ թվում է, Գագիկ Ծառուկյանի դստերն անվանարկելու, նրա կանացի պատիվը վիրավորելու քայլերը ի՞նչ նպատակով էին, երբ քննչական կոմիտեի տղամարդիկ տարածում էին հայ կնոջ բարոյականության մասին չապացուցված և անհիմն լուրեր։ Բնականաբար, բանտարկված Ծառուկյանին ավելի մեծ ցավ պատճառելու համար։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի որդուն ինչո՞ւ է կալանքի հրահանգ տվել Փաշինյանը։
Իհարկե, Քոչարյանին ցավեցնելու և ծնկի բերելու համար։ Պատահական չէ, որ որդուն կալանավորելու ժամանակ Քոչարյանը սրտի տագնապ է ունեցել, հայտնվել հիվանդանոցում։
Մարդը կարող է դիմանալ ամենածանր հարվածների, բայց երբ ընտանիքին են հարվածում, մարդը խոցելի է դառնում։
Բայց ընտանիքին հարվածում են թուրքերը, միայն թուրքերը։
Նաիրի Հոխիկյան