Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ինչու՞ ոչ մի կերպ չի կարելի մտնել Նիկոլի օրակարգի մեջ

Ինչու՞ ոչ մի կերպ չի կարելի մտնել Նիկոլի օրակարգի մեջ
01.09.2026 | 11:14

Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայքարի ամենամեծ սխալներից մեկը նրա ասածներին անընդհատ պատասխանելն է։ Ոչ թե որովհետև նրա ասածները պետք է անտեսել, այլ որովհետև այդպես հայտնվում ես այն դաշտում, որի կանոնները նա է սահմանել։

Նրա մեթոդը վաղուց տեսանելի է․ վերցնել որևէ հարց, դրան տալ քաղաքական նշանակություն, ստիպել բոլորին քննարկել հենց այդ թեման և այդ ընթացքում երկրորդ պլան մղել իրական խնդիրները։

Վերջին տարիներին դրա օրինակները բազմաթիվ են՝ «Իրական Հայաստան», տեղանուններ, Արարատ, Անկախության հռչակագիր, եկեղեցի, պատմական հիշողություն։ Այդ հայտարարությունների միջոցով իշխանությունը փորձում է փոխել այն շրջանակը, որի մեջ հասարակությունը պատկերացնում է Հայաստանն ու իր պետությունը։

Սխալը սկսվում է այն պահին, երբ մենք նրա առաջադրած հարցերի շուրջ սկսում ենք երկար ապացուցել, թե ինչու է Արարատը մեզ համար կարևոր, ինչու է այս կամ այն տեղանունը հայկական, ինչու է Հռչակագիրը կարևոր կամ ինչու է եկեղեցին ազգային պատմության մաս։ Այդ ամենը կարող է անվիճելի լինել, բայց քաղաքական առումով արդեն ընդունել ենք նրա խաղի կանոնը։

Այդ մոտեցումը շատ պարզ երևում է վերջին տարիների մի քանի թեմաների շուրջ։

Օրինակ՝ Անկախության հռչակագրի դեպքում պետք չէ ամեն անգամ նորից ապացուցել, թե ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար։ Ավելի կարևոր է հարցնել՝ ինչո՞ւ է իշխանությունը հետևողականորեն փորձում այդ փաստաթուղթը դուրս մղել Հայաստանի քաղաքական պատկերացումից։

Ինչ վերաբերում է «Իրական Հայաստան» պերֆորմանսին, այստեղ էլ պետք չէ անվերջ վիճել հենց այդ ձևակերպման շուրջ։ Ավելի էական է հասկանալ՝ այդ անվան տակ ինչ Հայաստան է մեզ առաջարկվում, ինչն է այդ պատկերացումից դուրս մղվում և ինչ քաղաքական նպատակ է դրանով սպասարկվում։

Նույն տրամաբանությամբ պետք է մոտենալ նաև պատմական տեղանունների թեմային։ Պետք չէ ամեն անգամ մտնել պատմական հիշողության պաշտպանության ու արդարացման դաշտ։ Հարցն ավելի պարզ է՝ ինչո՞ւ է իշխանությունը փորձում խնդիր դարձնել այն, ինչ մինչև վերջերս Հայաստանի համար բնական ու ինքնըստինքյան ընկալվող էր։

Նույնը տեղի է ունենում նաև ամենօրյա քաղաքականության մեջ։ Փաշինյանը կարող է հանրային դաշտ նետել մի թեմա, որը որևէ կապ չունի պետության առջև ծառացած հիմնական խնդիրների հետ, իսկ հաջորդ օրը ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է այդ հայտարարության մեկնաբանությամբ։ Նա արդեն ունենում է այն, ինչ իրեն պետք էր՝ հանրային ուշադրություն և իր սահմանած թեմայի շուրջ քննարկում։

Ուստի Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն պարտադիր չէ դարձնել հանրային քննարկման գլխավոր թեմա։ Քաղաքական ուժի խնդիրը սեփական օրակարգը ձևավորելն է, ոչ թե իշխանության օրակարգը սպասարկելը։

Նիկոլի օրակարգ մտնելով՝ մենք նրան թույլ ենք տալիս որոշել, թե ինչի մասին պետք է խոսի ու մտածի հասարակությունը։ Իսկ քաղաքական պայքարում սա արդեն լուրջ խնդիր է․ եթե հակառակորդն է ընտրում թեման, ձևակերպում հարցը և թելադրում քննարկման սահմանները, դու հայտնվում ես նրա խաղի մեջ՝ որքան էլ հետո փորձես նրան քննադատել, միևնույնն է՝ թակարդում ես:

Ասել է թե՝ պետք չէ ամեն անգամ պատասխանել Նիկոլի բարձրացրած հարցերին, այլ անհոգնել վերադարձնել խոսակցությունը երկրի իրական խնդիրներին և քաղաքական օրակարգը ձևավորել սեփական հարցերով։ Հակառակ դեպքում, նրան քննադատելու անվան տակ, մենք ընդամենը տիրաժավորում ենք նրա ասելիքը և աշխատում նրա սահմանած օրակարգի շրջանակում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ