Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Արարողակա՞րգ», թե՞ սեփական ինքնության կամավոր ուրացում հենց բանակցային սեղանի շուրջ

«Արարողակա՞րգ», թե՞ սեփական ինքնության կամավոր ուրացում հենց բանակցային սեղանի շուրջ
01.09.2026 | 12:20

Մեզ փորձում են համոզել, թե հանդիպումների սեղաններին պետական դրոշների բացակայությունը սոսկ «արարողակարգային տեխնիկական հարց է»։

Սո՛ւտ է։

Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում, առավել ևս՝ սիմվոլների հարցում։

Իբրև թե խաղաղության, սահմանազատման ու սահմանագծման գնացող պետությունները, որոնք հայտարարում են խաղաղ համակեցության պատրաստակամության և բոլոր ճանապարհների ու կոմունիկացիաների բացման մասին, 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր՝ երրորդ երկրի ներկայության բացակայության դեպքում, հանդիպում են առանց դրոշների։ Ի՞նչ է սա, եթե ոչ լուռ ու աստիճանական կապիտուլյացիա։

Եթե երկու երկիր իրոք պատրաստվում են խաղաղ ապրել, բացել ճանապարհներն ու հարգել միմյանց, նրանք բանակցային սենյակ են մտնում ամենակարևորով՝ սեփական ինքնիշխանության դրոշը բարձր պահած։

Այն, ինչ տեսնում ենք մենք, այլևս կառուցողականություն չէ։ Դիմացի կողմը պարզապես չի ցանկանում տեսնել Հայաստանի Հանրապետության դրոշը. նա հիմնավորապես մերժում է մեր պետականության գոյությունն ու լինելիությունը՝ փորձելով մեզ ջնջել պատմության քարտեզից։ Նրանք հետևողականորեն պնդում են, թե մեր Երկիրն իրենց «արևմտյան տարածքն» է, մենք օկուպանտներ ենք եղել ո՛չ միայն Արցախում, սեփական հողի վրա, այլև Հայաստանը՝ որպես Պետություն, գոյություն չունի։

Իսկ Նիկոլը, ի նշան համաձայնության, որպես խոնարհ և հնազանդ գործընկեր իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ առաջ, ծածկելով ու թաքցնելով պետականության խորհրդանիշ կրծքանշանը, հղում է միայն մեկ աղետալի ազդակ՝ «սա էլ քեզ եմ տալու...»։ Սա սովորական զիջում չէ, սա սեփական ինքնության կամավոր ուրացում է հենց բանակցային սեղանի շուրջ, որտեղ թաքցված կրծքանշանը դառնում է ամենախոսուն ապացույցը՝ «պատրաստ եմ զիջել նաև սա»։

Մեր օրակարգը պետք է փոխվի հենց այսօր. ոչ մի հանդիպում և ոչ մի քննարկում չի կարող լեգիտիմ լինել, եթե բանակցային սեղանին պատշաճ կերպով տեղադրված չէ Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Ով տեղի է տալիս սիմվոլների պատերազմում, նա արդեն իսկ տանուլ է տվել պետության ապագան։

Սթափվի՛ր, հայ ժողովուրդ։

Ժամանակն է արթնանալու այս քաղաքական թմբիրից և տեսնելու ողջ իրականությունը։ Մեզ քայլ առ քայլ, արարողակարգերի ու «խաղաղության» կեղծ թեզերի տակ զրկում են պետականության վերջին ատրիբուտներից ու արժանապատվությունից։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը չեն ստանում սեփական դրոշն ու ինքնությունը թաքցնելով։ Խաղաղությունը պարտադրում են հաստատակամությամբ, պետական արժանապատվությամբ և հավասարության սկզբունքով։

Եթե այսօր թույլ տանք, որ մեր պետական խորհրդանիշերը ջնջվեն բանակցային սեղաններից, վաղը կորցնելու ենք այդ սեղանների հետևում թողնված մեր հողն ու պետությունը։ Սթափության և ազգային համախմբման պահն է՝ տեր կանգնելու մեր պետականությանը, մեր պատմությանը և մեր Եռագույնին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ