ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Գոյաբանական տագնապից դեպի իմաստունների իշխանություն

Գոյաբանական տագնապից դեպի իմաստունների իշխանություն
17.10.2026 | 11:11

Մարդկային ամենակարևոր ու կենսական զգացմունքներից գոյաբանական լինելիության սպառնալիքի և բարոյահոգևոր արժեքների խեղման վտանգավոր հետևանքների լիարժեք գիտակցման դեպքում միայն ազգը կարող է ազգային զարթոնքի ու վերածննդի նոր հույսեր արթնացնել...
«Բույսը, որ բույս է՝ դառնություն է ունենում, փուշ է ունենում»։
Հրանտ Մաթևոսյան
Սա, անշուշտ, ենթադրում է գոյատևման կենսական տարածքի՝ հայրենիքի, և անվտանգության երաշխավորի՝ կենսունակ պետականության գոյություն, ինչպես նաև խեղաթյուրված ազգային արժեքների ու ավանդույթների վերականգնում։ Հենց գոյաբանական լինելիության վտանգի և բարոյահոգևոր անկման հետևանքների գիտակցումն արթնացնելու շնորհիվ է հնարավոր գեներացնել նոր ազգային զարթոնքի ու վերածննդի շարժում։
Այս շարժումն անհրաժեշտ է ազգային խայտառակությունից, անմարդկային նվաստացումից, բարոյական դեգրադացումից ու խեղճությունից դուրս գալու և աշխարհին նորից որպես արժանապատիվ ազգ ներկայանալու համար։ Դա նաև կլինի հայի վիրավորված, նվաստացված ու բռնաբարված ազգային արժանապատվության վերականգնումը։
Այդ նպատակով անհրաժեշտ է ձևավորել միասնական, համազգային օրակարգ, որի շուրջ ազգովի կհամախմբվենք ու համերաշխություն կհայտնենք միմյանց՝ հանուն մեր երկրի, ազգային արժեքների ու արժանապատվության փրկության, եթե ցանկանում ենք գոյատևել որպես ազգ ու պետություն և ապրել արժանապատիվ...
Այդ ազգային օրակարգը լինելու է բազմաբովանդակ ու ծավալուն։ Ծավալուն է լինելու, որովհետև չափազանց շատ են կուտակված հրատապ լուծում պահանջող խնդիրները, որովհետև շատ ենք կորցրել, զիջել, շեղվել ու խեղվել, խայտառակ եղել, այլասերվել, նվաստացվել, թուլացել ու անտարբեր դարձել՝ հեռանալով Աստծուց ու մեր արմատներից և հայտնվելով օրհասական վիճակում։
Բոլոր այս խնդիրների լուծման գլխավոր բանալին տանում է մեկ ուղղությամբ՝ սահմանադրական ճանապարհով ազգային, իմաստուն ու նվիրյալների իշխանության ձևավորմանը։ Հետևապես, օրակարգի գլխավոր հարցն էլ հենց դա է լինելու։
Օրակարգը լինելու է երկրի ու ազգի կենսական շահերը շոշափող համերաշխության և միասնության վերականգնման, քաղաքական-ազգային ուժերի կոնսենսուսի ձևավորման, ստեղծված համակողմանի ու համապարփակ ճգնաժամից և այս մղձավանջից դուրս գալու ուղիների մասին։ Այն լինելու է Հայաստանի կորսված միջազգային հեղինակության ու բարեկամների հետ երբեմնի բարիդրացիական հարաբերությունների, խեղաթյուրված ազգային արժեքների ու բարոյական նորմերի վերականգնման մասին։ Լինելու է արդարության, արդարադատության ու օրինականության հաստատման, հետամնաց տնտեսության, կազմաքանդված անվտանգության և փլուզված գիտության ու կրթության վերականգնման մասին։ Լինելու է քաղաքական ու կառավարման արդյունավետ համակարգերի ձևավորման ու ներդրման մասին։
Ազգային օրակարգի շուրջ հանրային համերաշխություն ու քաղաքական ուժերի կոնսենսուս ձևավորել և այն հրապարակ բերել կարող է ամենամեծ հանրային վստահությունն ունեցող քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստանը»՝ ակտիվորեն ներգրավելով ազգի պայքարող, նվիրյալ, ազնիվ ու ինտելեկտուալ տեսակին։
Սա՛ է, սիրելի՛ ժողովուրդ, ազգն ու երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու՝ մինչև այժմ պատմությանը հայտնի միակ բանաձևը։ Լռելն ու հապաղելն այլևս կործանում է, ինքնաոչնչացում ու ազգային խայտառակություն։ Այս իրավիճակից դուրս գալն ամենևին հեշտ չի լինելու. պահանջվելու են համազգային աննախադեպ ջանքեր ու բացարձակ համերաշխություն։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ