ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայրենիքը չի տեղաշարժվում

Հայրենիքը չի տեղաշարժվում
18.10.2026 | 12:33

Արծվաշենը չի տեղաշարժվում: Եվ, ընդհանրապես, Հայրենիքը չի տեղաշարժվում:
Ո՞ր խելամիտ մարդու մտքով կանցնի տեղաշարժել Կուրիլյան կղզիները, Կալինինգրադը, Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը կամ Կորսիկան: Վստահ եմ՝ նման խելամիտ մարդ չկա:
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տեղաշարժել Արծվաշենը: Ըստ նրա. «Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում-մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:
Եթե Նիկոլ Փաշինյանի միտքը դիտարկենք խելամտության սահմաններում, ապա վերջինս առաջարկում է ՀՀ ներկա սահմաններում Արծվաշեն անունով գյուղ հիմնել: Սակայն այդ դեպքում ո՞րն է Ադրբեջանի հետ «անկլավային» բանակցությունների իմաստը: Եթե ՀՀ տարածքում նոր Արծվաշեն է լինելու, ապա թող հարևան պետությունում էլ նոր Քյարքի հիմնվի:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի միտքն այլ է: Ենթադրաբար՝ վերջինս առաջարկում է զիջել Արծվաշենի բուն տարածքը (40 քառ. կմ) և փոխարենը ստանալ նույն մակերեսով տարածք՝ ՀՀ սահմանի անմիջական հարևանությամբ: Դա նույնն է, երբ խլում են բնակարանդ և փոխարենը տալիս են նույն մակերեսով տարածք շքամուտքում, նկուղում, տանիքում կամ բակում: Եթե Արծվաշենը պետք է լինի Վահան-Արծվաշեն ճանապարհի ոլորանների մի հատվածում, եթե Արծվաշենում չպետք է լինի լիճ, եթե Արծվաշենում չպետք է լինեն ջրվեժ ու անտառ, ապա մեզ պե՞տք է նման Արծվաշենը:
Նույն տրամաբանությամբ ճապոնացիները կարող են Ճապոնիայի սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող բազմաթիվ կղզիներից մի քանիսը կոչել Կուրիլյան կղզիներ:
Նույն տրամաբանությամբ ՌԴ Կալինինգրադի մարզը կարող է «տեղաշարժվել» և հայտնվել Լիտվայում, իսկ Սուխումին՝ Սոչիում:
Ի՞նչ ասեմ: Սովորաբար Հայրենիքը չի տեղաշարժվում: Տեղաշարժվում է բացառապես անհայրենիք ժողովուրդների Հայրենիքը: Եվ եթե նպատակը մեզ Հայրենիքից զրկելն է, ապա տեղաշարժե՛ք այն, անխնա՛ տեղաշարժեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ