Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՒՍՏՈՒՓ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՒՍՏՈՒՓ
21.10.2011 | 00:00

Չկա՛, կյանքն ազգին և հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա աշխարհում:
Գարեգին ՆԺԴԵՀ

Ինչպես ամեն մի ժողովուրդ, այնպես էլ հայերս ունենք մեր լուսեղեն դեմքերը, մեծ անհատները, ովքեր հայոց պատմության փոթորկահույզ դրվագներում բախտորոշ դեր են խաղացել և յուրօրինակ ներշնչարան ու լույսի ուղենիշ են: Այդպիսի խոշոր անհատականություններից է Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955):
Նա հանդես եկավ մի այնպիսի դժնդակ ժամանակաշրջանում, երբ արդեն որերորդ անգամ վճռվում էր հայի ճակատագիրն ու ապագան: Ազգային ռազմավարության բացակայության, համընդհանուր հոռետեսության և լիակատար հուսաբեկության մթնոլորտում անդրդվելի գործիչն իր հզոր կամքով և անհողդողդությամբ ձեռնոց նետեց մեր երդվյալ թշնամիներին: Եվ այդ հաստատակամությունը տվեց իր բաղձալի պտուղները` հայոց ոգին խորհրդանշող Նժդեհը հաղթեց, չնայած ուժերի անհավասարությանը և ստեղծված իրավիճակի ողջ բարդությանը: Նա խիստ զայրանում էր, որ իր գաղափարախոսությունը չէր ընկալվում յուրայինների շրջանում: Դա իր հաղթանակն էր, բայց ցավոք ոչ ամբողջ հայության և Հայաստանի: Ինքը հաղթեց, բայց ազգը չհաղթեց:
Մի ուշագրավ հանգամանք. թշնամին զարմացած և ապշած էր, նա չէր հասկանում, թե ինչ խաղի կանոններով և սկզբունքներով է կռվում Նժդեհը (իրենց անվանումով` Աժդար փաշան) և անսպասելի հաղթում: Եվ դա բնական է. մեր հակառակորդները չէին կարող ընկալել հայ տեսակի էությունը և հաղթելու անսասան կամքը: Եվ մանավանդ այն, որ Նժդեհը հասել էր աստվածահայտնության և աստվածատեսության սրբազան պահին: Նա հաղթանակի դափնիների էր արժանացել Վահագն աստծո հետ հանդիպումից հետո: Խնդիրն այն է, որ խարիզմատիկ առաջնորդը, լինելով խորագիտակ իմաստուն և ռազմավարագետ, վերականգնեց Հայկական լեռնաշխարհում դարեր շարունակ գոյություն ունեցած արարչապետության մոդելը: Խոսքն աստվածային էությամբ և օրինաչափություններով կառուցված պետության ձևի մասին է, որը ցայսօր կենսունակ է: Ամենահետաքրքիրն այն է, որ Նժդեհը ոչ միայն արժեքավորում էր Սյունիքի ռազմավարական դերը հայոց ուժեղ պետության ստեղծման գործում, այլև պատգամ ու հորդոր հղում ապագա հայկազուններին` պահպանել և հզորացնել Հայոց երկիրը: Եվ ուշադրության արժանի այդ փորձը հավերժ արդիական է: Նրա աստվածային ոգին մեր մեջ է, երբեք մեզ չի լքում ու դեռ առաջնորդելու է ապագա հաղթանակների և մեծագործությունների: Այդ հոգևոր կապը մեծ գործչի ու սերունդների միջև առկա է: Այսինքն` Նժդեհը մեր այսօրվա երթի մասնակիցն է և դրոշակակիրը:
Ինչ վերաբերում է Լեռնահայաստանի Հանրապետությանը, ապա այն իսկական պետական կառույց էր, ներառել է Շարուրը, Գողթանը, Վայքը, Սյունիքը, Արցախը և ունեցել է պետության բոլոր ատրիբուտները` զինանշանը, դրոշը, սահմանադրությունը, որը խմբագրել է Նժդեհը: Անգամ սեփական փող է հատվել: Նա այստեղ բացառիկ հեղինակություն էր. 1921-ի ապրիլին Նժդեհն ընտրյալ վարչապետն էր, զինվորական ու արտաքին գործերի նախարարը: Տաղանդավոր զորավարն ու պետական գործիչը մոտ երեք տարի հաղթականորեն իշխում էր Լեռնահայաստանում` այդ ընթացքում ազատագրելով մոտ 200 գյուղ:
Մեծ հայորդու հիշատակը վառ է մեր հոգիներում: Դրա լավագույն հավաստումն էր մի խումբ նժդեհապաշտ ազգայնականների մտահղացած և իրականացրած ուխտագնացությունը դեպի Խուստուփ լեռ: Այն կազմակերպել էին նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը և «Հայ արիներ» հայկազունների սկաուտական-կադետական-սեպուհական միավորումը: Երթը նվիրված էր Գ. Նժդեհի ծննդյան 125-ամյակին ու նրա ստեղծած դավիթբեկյան ուխտերի 91-ամյակին:
Երթուղին ձգվում էր Երևանից Կապան 320 կիլոմետր: Ճանապարհին, երբ մենք անցնում էինք Վայոց ձորի և Սյունիքի տարածքներով, մեզ դյութում և ոգեշնչում էին բնության շքեղ տեսարանները: Աջ և ձախ կողմերում վեր խոյացող լեռները, թվում էր, առասպելական հսկաների նման հսկում են ուղին և խորհրդանշում քաջություն ու անպարտելիություն: Այս ամենին մի անզուգական հմայք էր հաղորդում Սյունյաց լեռների անսահման և հեքիաթային մշուշը, որը խորհրդավորության և առեղծվածայնության մթնոլորտ էր ստեղծում: Աշխարհագրական միջավայրը հասկանալով` ընկալելի են դառնում Նժդեհի պայքարի խորությունը և պատմական նշանակությունը: Հարկավ, հենց այստեղ պետք է ծնվեր Գարեգին Նժդեհը:
Մեծ զորավարը հմտորեն և բանիմացորեն էր կազմակերպում ռազմական գործողությունները ու դրանով իսկ ապահովում իր վստահ հաղթանակները: Իսկ կռիվը կենաց ու մահու էր և աչքի էր ընկնում ահավոր դաժանությամբ: Խոսքը 1919 թ. սեպտեմբեր-1921 թ. հուլիս ընկած ժամանակահատվածի մասին է, երբ պատմության նժարի վրա դրված էր մեր լինել-չլինելու ծանր հարցը: Նա Սյունիքում` ամենաթույլ կետում, կիրառեց իր գաղափարախոսությունը, ռազմավարությունը և ապացուցեց, որ այդտեղ ևս կարելի է հասնել հաղթանակի: Նա կռվում էր մի քանի ճակատով` թուրքերի, ադրբեջանցիների, բոլշևիկների և ներքին ապազգային ուժերի դեմ: Այսպիսի պայմաններում Նժդեհը վերահաստատում էր ազգային համակարգը:
Նժդեհը Սյունիքում հայտնվեց բալկանյան պատերազմում, կովկասյան ճակատում, Ղարաքիլիսայի ճակատամարտում և այլուր մարտական մեծ փորձ կուտակած: Բայց հաղթելու և հաջողության հասնելու համար դա դեռ բավական չէր: Նա խորությամբ ուսումնասիրում է հայոց և համաշխարհային պատմությունը, ազգային համակարգի օրինաչափությունները և ամբարում հիմնարար գիտելիքներ:
Սյունիքյան ժամանակահատվածի կարևոր դրվագներից մեկը 1920 թ. օգոստոսի 25-ին դավիթբեկյան ուխտերի ստեղծումն էր: Կավարտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու (15-16-րդ դդ., այժմ գոյություն չունի) բակում տեղի է ունենում հանդիսավոր արարողություն. հայ ռազմիկները երդվում են հավատարիմ լինել ազգային անպարտ ոգուն և Դավիթ Բեկի մեծագործությանը: Նժդեհը մտադիր էր հայերի մեջ արթնացնել հայրենատիրության զգացումը և փրկել ազգային վտանգված ինքնությունը: ՈՒխտերի նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի` դավիթբեկաբար»: Հենց այստեղ էլ նա օծվում է Ղափանի, Գնդեվազի, Գողթանի ու Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր-սպարապետ: Նժդեհը յուրօրինակ կոչ է հղում քաղաքական այրերին և նրանց ինքնագիտակցության մղում. «...Մի լքեք այս գերազանցորեն հերոս ու հայրենանվեր ժողովրդին, մի զիջեք նրա սրբազան երկիրը... Ո՛չ մի զիջում: Զիջումը գերություն է»:
Դավիթ Բեկն ու նրա պատմական վաստակը Նժդեհի համար լուրջ արժեք ունեին ներկայի խրթին հիմնախնդիրները լուծելու գործում: Հայտնի է, որ 1722-1728 թթ. այս տաղանդավոր գործիչը վերածնեց ազգային գաղափարախոսությունը և հայոց պետականության վաղնջական հզոր ավանդույթները: Շատ հետաքրքիր է այն փաստը, որ պարսից շահը Դավիթ Բեկին նշանակեց տարածաշրջանի պարսկական զորքերի գլխավոր հրամանատար: Նա նույնիսկ փող էր հատում: Չէ՞ որ այդ պետությունը մեր պետականության անընդհատ շղթայի կարևոր օղակներից մեկն է և հիմնովին հերքում է հայոց պետության 600 տարվա չգոյության սնոտի տեսությունը: Օրինակ, նման մի պետություն էլ ստեղծել էր ազգային անվանի գործիչ Աղբյուր Սերոբը 1890-ականներին:
Նժդեհի և Դավիթ Բեկի ոգեղեն գաղափարներով տոգորված ուխտավորներս Ծավ գյուղից շարժվեցինք Շիշկերտ գյուղ, ճամբար խփեցինք նույնանուն գետի ափին` գեղատեսիլ մի վայրում: Ասենք, որ սա 9 հոգուց բաղկացած, բացարձակ անտերության մատնված և մեռնող մի փոքրիկ գյուղ է: Կատարվեց զոհաբերման սրբազան արարողություն. զոհ մատուցվեց մեր հզոր աստվածներին` ակնկալելով նոր մոտալուտ հաղթանակներ:
Եվ ահա վրա է հասնում ամենանվիրական ու ամենահանդիսավոր պահը` սկսվում է վերելքը դեպի Խուստուփ:
Լեռը չէր երևում, քանի որ ամբողջապես թաղված էր խուստուփյան յուրահատուկ մշուշի մեջ: Երկնքից շաղի անձրև էր տեղում, որը հիշեցնում էր սուրբ մեռոնը: Այնպիսի տպավորություն էր, թե աստվածային մի աշխարհում ես: Մենք ոգևորված բարձրանում ենք Նժդեհի ոտնահետքերով, իսկ վեհապանծ հսկան մեզ սիրով և գորովանքով է ընդունում: Թվում է` նստած ենք նավի վրա և լողում ենք կաթնագույն մեգի հսկա ծովում: Զգացողություններն անկրկնելի և անմեկնելի են:
Վաղ առավոտյան արդեն 3070 մետր բարձրության վրա էինք, ուր վեհ ու խրոխտ բազմել է Նժդեհի ոսկեջրած կիսանդրին (1990 թ.): Նա աչալուրջ հսկում է Հայոց աշխարհի անդորրը: Պատվանդանին կա մակագրություն. «Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»: Սրանք Նժդեհի կոփածո խոսքերն են, որոնք հնչում են որպես պատվիրան և խորհուրդ:
Մի փոքր հեռու ամփոփված են նաև քրմապետ, նժդեհյան գաղափարների մարտիկ և հետևորդ Սլակ Կակոսյանի մասունքները: Գագաթնամերձ հատվածներում կան քարանձավներ, ուր իր կյանքի ծանր պահերին մեկ ամիս ապաստանել է Գարեգին Նժդեհը:
Հասնում է ամենանվիրական և սրբազան պահը` մենք Խուստուփի գագաթին ենք` 3202 մետր բարձրության վրա: Այստեղ են վեհափառ և երկնահուպ բարձունքը հաղթահարած ուխտավորները` Զոհրաբ Պետրոսյանը, Արամ Գրիգորյանը, Ռուբեն Նահատակյանը, Վանիկ Անտոնյանը, Վարդան Ղազարյանը, Վոլոդյա Բադալյանն ու Հրաչյա Հովսեփյանը:
Մենք հայտնվել էինք մեկ այլ հարթությունում. առկա էր հզոր և աստվածային կենսաէներգետիկա: Եվ դա շատ բնական է. չէ՞ որ շատ վաղ անցյալում սարերում բնակվել են հայոց ամենահաղթ աստվածները, ապա մեր հսկա նախնիները` հայամարդիկ: Եվ վերջապես այստեղ է Նժդեհը հաղորդակցվել Վահագն աստծո հետ:
Խուստուփը Նժդեհ ծնեց, և նրա ու լեռան համաձուլումը տվեց ցանկալի արդյունք: Այո, ես խորապես հավատում եմ, որ նա Խուստուփի գագաթին ունկնդիր է եղել ռազմի և հաղթանակի աստված Վահագնին, ով նրան օժտել է անպարտելիության և հզորության աստվածային լիցքերով: Հենց սա ի վիճակի չէին հասկանալու մեր ոխերիմ և նենգամիտ թշնամիները:
ՈՒխտագնացության վերջին փուլն ավարտվեց Կապանում, ուր մեզ միացան տեղի «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները: Մենք այցելեցինք նաև Նժդեհի մասունքներն ամփոփող հուշահամալիր (2001 թ.), ուր թարմ ծաղիկներ դրեցինք նրա խնկելի շիրմին: Ապա նաև Դավիթ Բեկի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցինք մեծ զորավարին և պետական գործչին:
Այս ուխտագնացությունն անհրաժեշտ ծիսակարգ պետք է լինի քաղաքական բոլոր այրերի, երիտասարդների համար, որպեսզի նրանք խորապես հասկանան ցեղակրոնությունը, տարոնականությունը, ազգային գաղափարախոսությունը, հայրենիքի էությունը: Այսպիսի արարողությունը մաքրում է հայ մարդու ներաշխարհը և նրան մղում հայրենանվեր գործերի:
Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5857

Մեկնաբանություններ