Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԱՄՆ-ը գնալով սաստկացնում է իր սպառնալիքն Իրանին. քննարկվում է Իրանին հարվածելու սցենարը

ԱՄՆ-ը գնալով սաստկացնում է իր սպառնալիքն Իրանին. քննարկվում է Իրանին հարվածելու սցենարը
14.02.2026 | 10:27

Շեշտը դրվելու է Իրանի ոչ թե բռնազավթման, այլ «գլխատման» վրա

Երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամիսներ առաջ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, վերանվանեց պատերազմի նախարարություն՝ դրանով իսկ ողջ աշխարհին ի ցույց դնելով նրա ոչ թե պաշտպանական, այլ ագրեսորին բնորոշ հարձակողական բնույթը, գործառույթը և առաքելությունը, հավանաբար քչերը գիտակցեցին, որ դա սոսկ ձևական անվանափոխություն չէր և հաջորդելու են որոշակի գործողություններ…

Երեկ հայտնի դարձավ, որ պատերազմի նախարարությունը կարգադրել է Մերձավոր Արևելքում տեղակայման համար նախապատրաստել ավիակիրների երկրորդ հարվածային խմբավորումը։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ)-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

Միջազգային ահաբեկչի, դերասանի, ագրեսորի, շովինիստի, զավթիչի և քաղաքական խուլիգանի հատկանիշները համատեղող, իրեն միաժամանակ Հիտլերի, Նապոլեոնի, Լենկթեմուրի (Թեմերլանի) և Չինգիզ խանի դերում զգացող Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է այդ տարածաշրջան երկրորդ ավիակիրն ուղարկելու հնարավորությունը, եթե Իրանի հետ բանակցությունները ցանկալի արդյունք չտան: Աղբյուրների տվյալներով՝ ավիակրի տեղակայման մասին որոշումը կարող է կայացվել մոտ ժամանակներս։

Այնուհետև «Life.ru»–ն տեղեկացրեց, որ համապատասխան կարգադրությունն արդեն տրվել է, և ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղափոխում Իրանի սահմաններ՝ այնտեղ իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Ինչպես «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, կարգադրությունը տրվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի վարչակազմի առջև դրված են մի շարք որոշումներ, սակայն հրաժարվել է որոշակիացնել դրանց բովանդակությունը:

Որոշ ժամանակ անց Թրամփը, «Комсомольская правда»–ի փոխանցմամբ , «Fox News»-ի լրագրող Ջեքի Հայնրիխին տված հարցազրույցում հենց ինքն է հայտարարել, որ ամերիկյան երկրորդ ավիակիրն է ուղարկելու Մերձավոր Արևելք, որը կարող է անհրաժեշտ լինել Իրանի հետ այդ երկրի միջուկային ծրագրին առնչվող գործարքի խափանման դեպքում:

«Այն կմեկնի շատ շուտով»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ավիակիր հարվածային խմբավորումը՝ «USS Gerald R. Ford» ատոմային ավիակրի գլխավորությամբ, Կարիբյան ծովից արտակարգ կերպով ուղարկվում է Պարսից ծոց. այս մասին, «Московский комсомолец»–ի փոխանցմամբ , հայտնել է NYT-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Հիշյալ ավիակիրը պետք է պլանային վերանորոգման և արդիականացման ենթարկվեր Վիրջինիայի նավահանգստում, սակայն նշված ծրագրերը հետաձգվել է, որպեսզի այն միանա Իրանի մոտ գտնվող «USS Abraham Lincoln ավիակրին»: Նշվում է նաև, որ «USS Gerald R. Ford»-ի գլխավորությամբ ավիակիր խմբավորումը հունվարի 3-ին մասնակցել է Կարակասում տեղի ունեցած գործողությանը, որի ընթացքում գերեվարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Փետրվարի 10-ին, հղում կատարելով «РИА Новости»–ին, գրել էինք, որ նախօրեին Հորմուզի նեղուցի ջրերի վրա, Իրանի սահմանի մոտ նկատվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Boeing P-8A Poseidon» հետախուզական ու հականավային ինքնաթիռը: Փետրվարի 11-ին կամ լույս 12-ի գիշերն ամերիկյան թռչող սարքերը դարձյալ մոտեցել են Իրանին: «РИА Новости»-ին հիմնվելով թռիչքային տվյալների վրա, պարզել է , որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Boeing P-8A Poseidon» ինքնաթիռը և «MQ-4C Triton» անօդաչու թռչող սարքը հայտնվել են Իրանի սահմանի մոտ:

Թրամփն Իրանին սպառնացել է գործողությունների «երկրորդ փուլով»:

«Ես նրանց հետ կխոսեմ այնքան, որքան ցանկանամ, և կտեսնենք՝ կկարողանանք նրանց հետ գործարք կնքել,- «РИА Новости»–ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։- Իսկ եթե չկարողանանք, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը Նրանց համար շատ ծանր կլինի»:

Սպիտակ տան հրապարակած ամերիկյան առաջնորդի ժամանակացույցի համաձայն, ԱՄՆ-ի նախագահը երեկ պետք է լսեր հետախուզության զեկույցը՝ Իրանի հետ երկրի հարաբերությունների սրման ֆոնին:

Ըստ «Foreign Policy» (FP) պարբերականի հրապարակման, ԱՄՆ-ում քննարկում են Իրանին հարվածելու սցենարը, որի դեպքում շեշտը դրվելու է ոչ թե «օկուպացիայի», այլ «գլխատման» վրա: Ըստ այդմ, ԱՄՆ-ը թիրախավորելու է դեմքերի և օբյեկտների նեղ շրջանակ, հարվածն ուղղված կլինի թիրախների նեղ շրջանակի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, ինչպես նաև բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչներին, առանձին միջուկային օբյեկտներին, հրթիռների համար ենթակառուցվածքին և կառավարման ու վերահսկողության կենտրոններին, ընդ որում, ԱՄՆ-ը հարվածը կիրականացնի արագ:

Այնուհետև ԱՄՆ-ը մտադիր է որդեգրել այնպիսի մոտեցում, ինչպիսին որդեգրել է 2020թ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Խոսքն «էսկալացիայում գերիշխանության» ռազմավարության մասին է՝ հայեցակարգ, որի համաձայն հակամարտության կողմերից մեկը հնարավորություն ունի լարվածության յուրաքանչյուր նոր մակարդակում պատասխանել հակառակորդի գործողություններին բավարար ուժով՝ հետագա էսկալացիան հակառակորդի համար ոչ շահավետ դարձնելու համար։

ԱՄՆ-ի ուղերձը, Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, գրել է FP -ն, կլինի միանշանակ. Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել իրանական համակարգի սրտին, դիմակայել սահմանափակ պատասխան հարվածին և միևնույն ժամանակ վերահսկել էսկալացիան: Ընդ որում, Վաշինգտոնը հասկանում է այն բանի բացառիկ կարևորությունը, որ հարվածին հաջորդի զսպվածությունը։ Հարվածը կմշակվի այնպես, որ էսկալացիայի փուլն արագ ավարտվի։ ԱՄՆ- ն դրանից հետո ազդանշան կուղարկի, որ ձգտում է ոչ թե պատերազմի, այլ Իրանի վրա ազդեցության լծակներ և վերահսկողություն ունենալու:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ