ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մարտի 1-ին զգույշ մոտեցեք

Մարտի 1-ին զգույշ մոտեցեք
18.02.2014 | 22:19

Մարտի 1-ի թեմային պետք է առավելագույնս զգույշ մոտենալ: Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, երբ դեպքերն այնպես զարգացան, որ դժվարացավ «թացը չորից» տարբերակելը, երբ նախկին դահիճների արարքները ժամանակավորապես մոռացվեցին կամ սառեցվեցին ընդդիմության մի հատվածի ջանքերով, երբ այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք արտագաղթել են և հնարավորություն չեն ունենալու այդ օրն իրենց զավակների գերեզմանին այցելելու և մի ծաղիկ դնելու: Ու որքան էլ ցանկալի է լռելը, այդ օրը գնալ, պարզապես հարգանքի տուրք մատուցելը, միևնույնն է՝ Մարտի 1-ն էլ այսօր չի կարողանում համախմբել համատեղ պայքարի դուրս եկած, բանտերի ու հալածանքների բովով անցած երբեմնի զինակիցներին:

Հիմա արդեն ակնհայտ է, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք հրավիրել Հայ ազգային կոնգրեսը, որը ղեկավարող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ելույթ կունենա և իր դիրքորոշումը կներկայացնի արտաքին և ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
«Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն էլ պատրաստվում են ողջ գիշերն անցկացնել մայրաքաղաքի Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում և իրենց համախոհների հետ լուսաբացն այնտեղ դիմավորել՝ այդ կերպ հիշելով վեց տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
ՀՀ ակտիվ քաղաքացիները, որոնք վերջին տարիներին մշտապես եղել են հանրահավաքների և ակցիաների կիզակետում, պայքարել և չունեն քաղաքական հավակնություններ, մեր հանդիպումների և զրույցների ընթացքում նշում էին, որ պատրաստվում են մասնակցել թե՛ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին, թե՛ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի կազմակերպած ակցիային և իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին:
Ժամանակին Հայ ազգային կոնգրեսին մաս կազմած, այնուհետև՝ այն լքած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, որ ինքը չի մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ ՀԱԿ-ի այսօրվա գործընկերը ԲՀԿ-ն է, որը մեղսակից է Մարտի 1-ի ոճրագործությանը: Նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի նախաձեռնությանը:
«Կուսակցությունում մենք քննարկում ենք և հարգանքի տուրք մատուցելու ձևը կգտնենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Պարզեցինք նաև, որ ՀԱԿ-ի հանրահավաքին և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միանալու մասին որոշում չի կայացրել նաև «Նախախորհդարանը», որի համակարգող Գարեգին Չուգասզյանը խոստացավ որոշում կայացնելուն պես տարածել հայտարարություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ