Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում

Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում
06.05.2014 | 12:49

Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան:

Էդվարդ Նալբանդյանին ընդունել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` նա ասել է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, և կա երկուստեք ցանկություն՝ առավել ընդլայնելու համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն Իրանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Հասան Ռուհանին ջերմ ողջույններ ու բարեմաղթանքներ է փոխանցել գործընկերոջը:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների զարգացող համագործակցության առումով, քննարկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:
Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված՝ հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին նախ առանձնազրույց են ունեցել, ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուրախությունն է հայտնել գործընկերոջը Թեհրանում տեսնելու համար: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալության խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին արդեն իններորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:
Բանակցություններում հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի հարցերը: Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՈՒկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։
Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորությունը:
Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մամուլի համար հայտարարություններ են արել:
Նույն օրը՝ երեկոյան, Էդվարդ Նալբանդյանն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում է ունեցել իրանահայ կառույցների ղեկավարների հետ:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ