Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այց, որ որևէ մեկի դեմ չէ

Այց, որ որևէ մեկի դեմ չէ
13.05.2014 | 01:17

Հաշվարկվա՞ծ էր, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի այն օրը, երբ լրանում է հրադադարի 20 տարին, թե՞ նրա աշխատանքային ժամանակացույցում համընկնում է եղել: Գուցե երկուսն էլ: Բոլոր դեպքերում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է՝ Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղով:
Մայիսի 11-ին Բաքվում Իլհամ Ալիևի կատարմամբ Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել լսել տևական դասախոսություն Ադրբեջանի անկախասեր ժողովրդի, բոլոր ոլորտներում տնտեսական աճի, տիեզերքը նվաճելու ծրագրերի ու բոլոր ծրագրերում Ադրբեջանի՝ Ֆրանսիայի աջակցության ակնկալիքի մասին: Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիա-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն ամենամեծն է: Գործարար համաժողովից, առանձնազրույցից և մնացած հանդիպումներից, սակայն, առավել կարևորը Ֆրանսիայի նախագահի խոսքն է, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ֆրանսիան մտադիր է ամրապնդել իր և Եվրոպայի կապերն անկախ գործընկերների հետ, ասել է Ֆրանսուա Օլանդը գործարար համաժողովում և հավելել, որ դա է իր այցի նպատակն Ադրբեջան: Այց, որ որևէ մեկի դեմ չէ: «Մենք մտադիր չենք ինչ-որ մեկին համոզել ինչ-որ մեկի հետ համագործակցությունից հրաժարվել: Մեր նպատակն է օգնել երկրին իր մասին ու իր դիրքորոշման մասին հայտարարելու: Դա վերաբերում է և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին, և՛ ՈՒկրաինային, և մյուս երկրներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Ասուլիսում նա հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ և մտադիր է քննարկել Հայաստանի նախագահի հետ: «Մեր նպատակն է կոնֆլիկտին լուծում գտնել: Տարածքային խնդիրները ես քննարկելու եմ և Վրաստանում, ուր այդ խնդիրն ակտուալ է»: Օլանդն ասել է, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է և երկար ժամանակ կայուն ու վերջնական լուծման որոնումների մեջ է ներգրավված: «Փաստը, որ ես այցով Ադրբեջանում եմ և մեկնում եմ Հայաստան, վկայում է, որ աշխատանքը շարունակվում է: Ֆրանսիային բարեկամական հարաբերություններ են կապում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»: Երկու նախագահների հետ իր հանդիպումների նպատակը Օլանդն անվանել է կոնֆլիկտի հաղթահարման առաջընթաց ապահովելը: Նա այն կարծիքին է, որ կոնֆլիկտը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը և մարդկանց ազատ տեղաշարժին: Օլանդը չի ասել, բայց ինչպես Բաքվում, Երևանում ևս կփորձի համոզել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Օլանդին, իհարկե, ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում «ոչ» չեն ասի, բայց հազիվ թե այցը լուրջ ազդեցություն ունենա հակամարտության լուծման վրա:
Իհարկե, Ֆրանսուա Օլանդը առաջին նախագահն է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հայտարարությունից հետո Հայաստան է գալիս, բայց նրա այցը ավելի շատ երկկողմանի հարաբերություններին է վերաբերում, քան ՀՀ-ԵՄ ձևաչափին: Առավելագույնը նա կասի հերթապահ նախադասությունը, որ պետք է մտածել՝ ինչպես համագործակցել ՀՀ-ԵՄ ձևաչափով, որը չհակասի ՄՄ-ին անդամակցելուն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան տարածաշրջանի մյուս երկրներից կունենա երկու առանձնահատկություն: Առաջին՝ միայն Երևանում կերգի 90-ամյա Շառլ Ազնավուրը: Երկրորդ՝ Օգյուստ Ռոդենի որևէ արձան Հայաստանն այլևս չի ստանա: Թեպետ երկու երկրների փոխհարաբերությունները բարեկամական են ու սերտ, Ֆրանսուա Օլանդը Նիկոլա Սարկոզի չէ:

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ