Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-1

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-1
28.06.2026 | 16:18

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Խոստովանեմ՝ այս շարքն ինձնից պահանջեց ավելի քան 5-ամյա մանրակրկիտ աշխատանք։

2021-ի հունիսի 21-ից, իմա՝ խորհրդարանական նախորդ ընտրություններից անմիջապես հետո, երբ 680 000 ձայներով կրկին երկրի ղեկավար կարգվեց դավաճանության ու պարտության խայտառակ սիմվոլը, հայտնվեցի դեպրեսիայի բառացիորեն խեղդող օղակում:

Իսկապես սահմռկեցուցիչ էր։ Սոցիալական ցանցերը ողողված էին հակառուսական, բայց ընդգծված թուրքամետ կարծիք-դիրքորոշումներով։

Համացանցային լրահոսը ագրեսիվ պնդերեսությամբ «Թուրքդիզիի» (TurkDizi) «գլուխգործոցներ» էր առաջարկում։

Իսկ այդ արտադրանքը կլլող միջին վիճակագրական հայ սպառողներն ինտերնետի համաշխարհային սարդոստայնում «խրձերով» միմյանց մազ էին պոկում, թե թուրք այսինչ դերասանը կամ դերասանուհին ում հետ պետք է քնի, կամ՝ ընտանիք կազմի։

Հայի անուն-ազգանունով՝ ստամբուլներում հայտնված, անհասկանալի կարգավիճակի տիկնայք թուրքի գովքն էին հնչեցնում, կոչ անում Էրդողան-Ալիև դուետին ձերբակալել ու պատժել այս կամ այն քաղաքական գործչին։

Որոշեցի անձամբ ճշտել, թե ինչպես է պատահում, որ արցախցուն հայ չհամարելը դառնում է «ինքնիշխան» մտածողություն, իսկ «թուրքի շուն լինելը»՝ վարդագույն երազանք։

Ակամա փնտրտուքներս հասցրին թուրքական կինոաշխարհ, որից մինչ այդ բացարձակ գաղափար չունեի։

Խոստովանեմ նաև՝ հիշյալ շարքը սկսելու խթանը Գագիկ Անտոնյանի՝ «Պատմությունը «զավթելու» փորձ. ինչ է ասում «1453 թ. զավթում» (Fetih 1453) ֆիլմը» վերլուծականն էր։

Պարոն Անտոնյանը կամա թե ակամա ստիպեց մտաբերել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կինոռեժիսոր ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ՝ «Երեկոյան Երևանին» տված հարցազրույցից (08 հունիս,1996 թ․) արդեն քանի տասնամյակ հիշողությանս մեջ դաջված քրեստոմատիական նշանակության նախադասությունը․

«Ֆիլմարտադրությունը սեփական պատմությունն ու արժեքները ներկայացնելու ու նաև աշխարհին ներկայանալու հզոր միջոց է: Որից և անվերապահորեն պետք է օգտվել: Չպետք է խնայել և ո՛չ մի միջոց:

․․․Կինոն և՛ շահույթի աղբյուր է, և՛ քաղաքականություն, և՛ գաղափարախոսություն: Ի վերջո, կինոն հզոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել»։

Այսօր՝ 30-ամյա հեռավորությունից, աներկբայորեն կարող եմ պնդել՝ իմ հարցերին հետևած նրա պատասխանները ոչ թե սովորական խոսքեր էին, այլ պետականության ու մշակույթի ռազմավարական հայեցակարգ, ինչը, ցավոք, անտեսեցինք բոլոր ժամանակներում։

Կինոն, սերիալները տասնամյակներ շարունակ ընկալեցինք ու դեռ ընկալում ենք զուտ որպես «ժամանց» կամ էժան բիզնես։

Չհասկացանք, որ ինչպես պնդում-համոզում էին հայ կինոյի բոլոր նշանավոր գործիչները՝ էկրանը գաղափարախոսություն ձևավորելու, սեփական պատմությունն աշխարհին ներկայացնելու և ազգային դիմագիծը պահելու ռազմավարական հզոր զենք է։

Մինչ մենք արտադրում էինք կենցաղային պրիմիտիվ կատակերգություններ, կամ քրեական էլեմենտներով գերխտացած դատարկ սերիալներ, հարևան երկիրը միլիարդավոր դոլարներ էր ներդնում պետական քարոզչամեքենայի մեջ։

Ընդամենը հաշված տարիների ընթացքում թուրքերն արեցին հենց այն, ինչ ասում էին հայ Վարպետները՝ չխնայեցին ոչինչ ու 21-րդ դարի առաջին քառորդում արդեն, կինոն դարձրին և՛ գաղափարախոսություն, և՛ աշխարհը «նվաճելու» փափուկ ուժ, և՛ շահույթ։

Զուգահեռ էլ զբաղվեցին սեփական պատմության «էսթետիկ» սրբագրմամբ։

Թուրքիան գործնականորեն ապացուցեց Յուրի Երզնկյանի պնդումը՝ կինոն նաև շահույթի աղբյուր է:

Թուրքական սերիալներն այսօր վաճառվում են աշխարհի ավելի քան 150 երկրներում (Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր ու Հեռավոր Արևելք և Բալկաններ)՝ զբաղեցնելով աշխարհում 2-րդ տեղը ԱՄՆ-ից հետո:

Դրանք տալիս են միլիարդավոր դոլարների ուղղակի շահույթ, զուգահեռ ապահովելով զբոսաշրջիկների հսկայական հոսք դեպի Ստամբուլ:

Նշանակում է՝ Յուրի Երզնկյանի կարևորած «զենքն» ինքնաֆինանսավորվող է. սպառողն ինքն է վճարում իր իսկ գիտակցությունն ու ողջ էությունը «նվաճող» «նեոօսմանիզմի» գաղափարախոսության համար:

Իմ ակամա «առերեսումը» թուրքական կինոաշխարհի հետ երևակեց մեր ազգային ամենամեծ բացթողումը․որքան էլ հայ Հանճարները տվել են հիշյալ «ռազմավարական զենքի» ճիշտ ախտորոշումն ու բանաձևը, պետական մակարդակով շարունակել ենք կինոն դիտարկել ընդամենը որպես «մշակույթի նախարարության աննշան բյուջե ունեցող ոլորտ», այլ ոչ թե ազգային անվտանգության և քաղաքականության անբաժանելի մաս:

«Սուրբ տեղը դատարկ չի մնում» հայտնի սկզբունքը ժամանակակից տեղեկատվական պատերազմում աշխատեց գրեթե անթերի:

Եթե պետությունը սեփական ժողովրդին չի սնուցում իր անցյալի պատմությամբ, ազգային հերոսների մասին որակյալ ֆիլմերով, հաղթանակների, նույնիսկ ողբերգությունների ճիշտ արժևորմամբ, զբաղված է միայն այդ ամենը մոռացության տալով ու փոշիացնելով, ապա շարքային սպառողի ուղեղը դառնում է «ազատ տարածք»:

Թուրքական կինոարդյունաբերությունն էլ առանց դժվարության մտավ մի դաշտ, որտեղ բացարձակ չկար դիմադրություն:

Ե՞վ․․․ «հորդահոս աղբյուրից» ոռոգեց տասնամյակներով արհեստական երաշտի մատնված ու չջրված տեղեկատվական և մշակութային տարածությունը՝ հասնելով նրան, որ հայ սպառողն այսօր սեփական պատմությունն ու իրականությունը մոռացած՝ ապրում է սելջուկ քոչվորների ու օսմանյան սուլթանների էկրանային կյանքով:

Պատմական իրականության մեջ քոչվորական արմատներ և քանդող, ավերող մշակույթ ունեցող ցեղերը ժամանակակից կինոյի շնորհիվ հայ սպառողի գիտակցության մեջ վերածվել են «իմաստուն, ազնվական, պետականամետ և էսթետիկ» կերպարների: Սա պատմության կատարյալ նենգափոխում է, որը հայ սպառողը կլանում է ամեն օր հեռուստացույցի, համակարգչի կամ հեռախոսի էկրանից:

Ամենաողբերգականը սեփական արմատներից ու առօրյա իրականությունից կտրվելն է: Երբ երկրի սահմանները շագրենի կաշի դարձած կրճատվում են քայլ առ քայլ, երբ կանգնած ենք նոր հայրենազրկման վտանգի առաջ, հայ սպառողի էմոցիոնալ էներգիան ծախսվում է օսմանյան պալատական ինտրիգների կամ սելջուկների նվաճումների վրա: Ինչը և արձանագրում է հավաքական իմունիտետի կատարյալ անկում:

Անպարագիծ ցավով եմ արձանագրում՝ մենք պարտվել ու Արցախը կորցրել ենք նախ և առաջ մշակույթի, կրթության և գաղափարախոսության ռազմաճակատում:

Յուրի Երզնկյանի՝ դեռևս 1996-ին ինֆորմացիոն դաշտ նետած խոսքերն այսօր հնչում են որպես մարգարեական և ցավալիորեն անտեսված նախազգուշացում: Հայ մեծանուն կինոռեժիսորը հստակ ձևակերպել էր կինոյի՝ որպես պետականության ռազմավարական զենքի բանաձևը, որը մենք, ցավոք, չօգտագործեցինք, իսկ մեր հարևանները դարձրին իրենց արտաքին քաղաքականության հիմնասյունը։

ՈՒ այսօր թուրքական կինոարտադրության հաջողությունը՝ միջազգային հեղինակավոր մրցանակների նվաճմամբ, ամենևին էլ պատահականություն չէ, այլ պետականորեն մշակված և միլիարդավոր դոլարներ արժեցող երկարաժամկետ ծրագիր, որն իրականում հենց այն է, ինչ տասնամյակներ առաջ ՀՀ կառավարիչներից պահանջում էր Յուրի Երզնկյանը։

Թուրքական կինոարտադրությունը կատարում է պատմական հանցագործությունների, արյունալի ու բարբարոսական դրվագների, բռնությունների, նվաճումների «ռեբրենդինգ»։

Սեփական նողկալի անցյալը փաթեթավորելով հոլիվուդյան փայլով, բարձրակարգ սաունդթրեքներով, վեհանձն կերպարներով աշխարհին ներկայանում է որպես «արդարության, մշակույթի ու լուսավորության» ռահվիրա։

Այդ ամենն արվում է այնքան որակյալ վիզուալով, որ անգամ հայ սպառողը, սկսում է հիանալ այն սուլթաններով, որոնց հրամանով կոտորվել են իր պապերը:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ