Մարի Բարսեղյան Խանջյանի «Արարում․ Տապան փրկության» երկը կարելի է համարել խոհագեղագիտական-վերլուծական չափածո մտորում, ներքին կապով միմյանց հետ կապված բանաստեղծություններից կազմված յուրատեսակ պոեմ։ Յուրաքանչյուր արարչագործական օր կարելի է ընկալել և՛ իբրև միանգամայն ավարտուն պատկեր, և՛ արարչական
հերթական-շարունակական դրսևորում։
Ի դեպ, այդ ամբողջության մեջ ներառված է նաև
«Աղոթքը»՝ գրված 1978 թվականին, որը զարմանալիորեն համահունչ է տասնյակ տարիներ հետո գրված այս պոեմին, մինչդեռ հեղինակը պոեմը սկսել է գրել 1984 թվին, ապա, ընդհատել է և շարունակել է գրել 2003 թվին, ինչը տևել է տասը տարի․ պոեմն ավարտել է 2013 թվին։
Բանաստեղծուհու միտքը, անշուշտ, արարչագործության խորհուրդն է զբաղեցնում, նրա իմաստի որոնումն է ողջ հորինվածքում։ «Գիրք ծննդոցի» պարզ թվացող ոճով հեղինակը շարակարգում է աշխարհի արարումը օրըստօրե։
Սակայն այն բացարձակ կատարյալ է։
Ահա մի դրվագ․
Նայեց Արարիչն իր անծայրածիր
Անհուն տիրույթից
Եվ հոգեհմա բերկրանքով լցվեց․
Հպարտ, փառահեղ Լեռները ցածում
Իրենց անապակ ու ճերմակափառ
Վեհ կատարներով
Ոգեղեն լույս էին Երկինք առաքում։
Եվ լուռ գոհացավ Աստված Երկնքում։
Հեղինակն անթաքույց հիանում է մարդուն այսպիսի աշխարհ ընծայելու Արարչի կամեցողությամբ, նաև իր պատկե՛րը մարդուն տալու անվիճարկելի բարեհաճությամբ։ Ամբողջ տրվածքի դիմաց Աստված մարդկանց միավորում է մի պատվիրանով՝ միմյանց սիրելու՝ արտաքուստ միանգամայն հնարավոր, նույնիսկ հաճելի հանձնարարությամբ։
Այստեղից է սկսվում Մարի Բարսեղյան-Խանջյանի մեծ տարակույսը, որը դրսևորվում է մարդ-Աստված իրականության հանդեպ բանաստեղծական տարբեր դրսևորումներով։ Հեղինակն անկեղծ է կատարուն արարչագործության հանդեպ մարդու դրսևորած անկատար վարքագծի նկարագրություններում։ Իրականում մենք սիրեցի՞նք միմյանց և միմյանց սիրելով սիրեցի՞նք Աստծուն։ Իհարկե, ո՛չ։
Մենք աշտարակաշինությամբ, ավելին՝ չդադարող «աշտարակաշինությամբ» հեռացանք Արարչից։
Նայեց Արարիչն ու ցավով տեսավ․
Բազմացյալ մարդիկ ապրում են անհոգ,
Անմասն իրար հոգու ցավերից,
Չեն հիշում անգամ իրեն՝ Արարչին։
Գիտելիքի և բանաստեղծական շնորհի համադրումներով հեղինակը ներկայացրել է աշխարհիկ ըմբռնումները խղճի մասին, մանավանդ որ յուրաքանչյուրն իբրև կարգախոս գործածում է․ «Ամեն մարդու խիղճն իր Աստվածն է» ասացվածքը։
Եվ Աստված այնժամ իր Աստվածային
Ոգու և Հոգու գաղտնարաններից
Հանեց մի հյուլե
Եվ բնակեցրեց Մարդկանց հոգու մեջ
ու Խիղճ անվանեց։
ՈՒշագրավ է «Զղջումն Արարչի» հատվածը, ուր հեղինակը խոսում է դրախտից վտարված մարդու՝ «Աստծո կատարյալ լույս օրենքներից» հեռանալու և «մեղք-մեղանչումն» իբրև ուղեկից ունենալու մասին։ Հայտնի է, որ մեղքի հատուցումը մահն է և չզղջացող մարդուն Աստված պատժում է մահով․
Հետայսու մարդը՝ երկրային ու մեղկ,
Կապրի մինչև Մահ։
Այժմ Արարչի գերագույն կամքով
Կյանքը կունենա իր Այբ-ը և Քե-ն։
Բանաստեղծուհին խորագին ափսոսանքով ու ցավով է նշում, որ մարդն անհոգ անցկացնում է սկզբի ու վախճանի միջև ընկած ընթացքը, որ կյանքն է՝ չմտածելով սրա ակնթարթայնության մասին․
Ընթացքն էլ Կյանքի կանցնի աննկատ․
Մարդուն կթվա,
Թե հարատև է կյանքն իր անցողիկ։
Ողջ հորինվածքում չնվազող ուժգնությամբ բախվում են արարչական դրախտից զրկված մարդու ստեղծած մարդկային օրենքները։ Մարդկային էությունը երկատված է․ հողածին մարդուն դեպի իրեն է ձգում աշխարհը, երկրայինը անդիմադրելի է, նրանից հրաժարվելը և՛ դժվար է, և՛ անհասկանալի, երկինքն էլ իր կատարելական հմայքով վերն է կանչում, որը անահավանական անմատչելի է։
Մոլորյալ մարդը անընդհատելի տագնապներ է ապրում, և խաղաղությունը դարձյալ Աստծո մեծ ներումի մեջ է գտնում։ Աստծո՝ անսահմանելի մարդասիրությամբ աշխարհ եկած Կենդանի Խոսքը Հոգու և Ոգու տիրույթից մահը հեռացրել և սահմանել է միայն Մարմնի տիրությում, և դրա առհավատչյան Աստծուց չհեռացած մարդկանց գոյությունն է։
Լույսն աստվածային կրող այդ մարդիկ
Կամեցան փրկել Մարդուն մարդկանցից,
Որ մարդը մեռնի ո՛չ մարդու ձեռքով,
Որ մահը լինի ո՛չ Հոգու, Ոգու անեղծ տիրույթում,
Մեռանի միայն մարմինը նյութեղեն․․․
Բանաստեղծուհու իդեալը, իհարկե, կատարյալ մարդն է, այն՝
Բյուր հազար մարդկանց դաշնը բարեպաշտ,
Որք պահել էին Արարչի Լույսը
Եվ ապրում էին պարգև ստացած
Հոգու և Ոգու, Սիրո և Խղճի,
Բանական Մտքի միաձուլումով
Շաղախված կյանքով
Եվ օգնում իրար՝ զերծ մնալ չարից՝
Մարդածին մարդկանց․․․
Հետևելով հեղինակի՝ «կերպար-հերոսների» «անունները» մեծատառերով գրելու սկզբունքին՝ մենք էլ մեր նկատած հիմնագաղափարները , հեղինակային հարցադրում- հիմնահարցերն այդպես գրենք՝ Տարակույս, Տագնապ, Կատարելատիպ-Մարդ և Հարցադրում (հավերժական)․ ահա Մարի Բարսեղյան- Խանջյանի քերթվածի առանցքը։
Առնվազն նարեկյան հնություն ունեցող այս ալեբախումները հայ մարդասիրական- ազգային մշակույթում մշտարծարծ են։ Սակայն համեմատենք․ Մեծն Շիրազի կոթողային՝ «Բիբլիական» պոեմում մանուկ հույսը բարուրած ու վշտով իմաստնացած մարդը որոնում է Աստծուն․
«Այնինչ ՝ նիրհում է Աստված իր հոգում»։
Մեծ տառապյալ հանճարը՝ Պետրոս Դուրյանն ընթերցողներին անվերջանալի բանավեճի է հրավիրել․
«Աստծո ծաղրն է աշխարհն ալ արդեն․․․»։ Ինչու՞․․․
Անդրադառնանք «Արարումին»․
ՈՒ տեսավ մարդը,
Նաև հասկացավ՝
Մահն Աստվածատուր ՝
Դաժան, տարաժամ՝
Որպես մի պատիժ ,
Ծանր է որքա՜ն, անհանդուրժելի․․․
Եվ այդժամ, ահա,
Սերտեց նա ուշիմ աշակերտի պես
Արարիչ Աստծո դասը մահաբեր
Եվ իր նմանին մահով նա պատժեց․․․
Այստեղ էլ հարցնենք՝ մի՞թե։ Մինչդեռ մերթ «աղմկող» , մերթ, «շիջող» «հակառակագործ երկու հալոցների» տարուբերումից հետո էլ Նարեկա անբասիր վանականը մրմնջում է․
«Մեղա՜ ծագումին ճառագայթներիդ, Խավարս՝ ՄԵՂԱ՜»։
Աստծու՞ց առավ մահով պատժելու դասը մարդ արարաածը, Աստծու՞ց, որն այնքան առատ էր տվել իրեն, նաև պարգևել էր ազատություն, ազատ կամք՝ չարի ու բարու միջև ընտրություն կատարելու։ Հավերժական ինչուներ և պատասխանների որոնումներ։
Տարբեր են հարցադրումների ժամանկաները, դրդող բարքերը, հեղինակային նպատակադրումներն ու ընկալումները, միասնական է իդեալը՝ Աստծուն մերձենալու, մարդկային անկատարությունը թոթափելու մեծ երազանքը։ Իրական է թերևս այն, որ մենք բոլորս դարձյալ Աստծուց ենք պահանջում մեզ անխոտոր ուղիով տանել։
Բանաստեղծուհի Մարին էլ գրում է․
Փրկեիր մարդուն ,
Աստվածահաճո ուղիով տանեիր․․․
Չե՞ս կարողացել,
Թե ՞ չես կամեցել․
Հայտնի չէ մարդուն։
Անքննելի են ուղիները Քո։
Ավելացնենք, որ հետաքրքիր այս երկը բնորոշվում է ձևի և բովանդակության դաշնությամբ։ Լեզվական առումով այն ասեղնահյուս բանվածք է հիշեցնում․ գեղագիտորեն միահյուսվում են պատկերավորման, արտահայտչական բազմաթիվ միջոցներ՝ շքեղ բառապաշարի ոլորանններում, ինչպես այս պատկերում․
Եվ տեղատարափ Անձրևը երկնից
Փոթորիկների թևերին կռթնած,
Սրբեց երկիրը և նրա մարդկանց
Գործերն անմաքուր։
Բանաստեղծուհուն միանանք․
Տե՛ր, Քո Լու՛յսը տուր Բյուր ամենեցուն․․․
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
Գյումրիի պետական համալսարանի դասախոս