Աշխարհի ներկա վիճակից ելնելով՝ սխալ կլինի պնդել, որ Թրամփը, Դի Վենսը և նրանց շրջապատը ատում են Եվրոպան և, առավել ևս, չի կարելի նույն բանն ասել ԱՄՆ-ի մասին։
Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը նույն Արևմուտքի կամ բարեկեցիկ միլիարդի օրգանական մասերն են, որոնք կառավարել են աշխարհը՝ սկզբում՝ Եվրոպան, հետո էլ՝ միասին և, բացի դրանից, հոգեբանորեն իրար շատ մոտ են, քիչ հավանական է, որ, չնայած փոխադարձ կծոցներին, նրանց շահերը իրարից այսքան շուտ բաժանվեն։
Նախ, գոյապայքարի տրամաբանությունն ասում է, որ գլոբալ հակամարտությունների ժամանակ, առաջին հերթին, իրար վրա հենվում են իրար նմանները, ինչպես, ասենք, Ռուսաստանն ու Բելառուսը, բայց, եթե նմանների միջև կա շահերի արմատական բնույթի հակասություն, ապա նույնիսկ շատ նմանների միջև կարող են լինել այնպիսի հարաբերություններ, ինչպիսին հիմա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է։
Այսինքն, քաղաքակրթական նույնիսկ շատ նմանությունը ամենազոր գործոն չէ աշխարհաքաղաքական հաշվարկներում, և գոյաբանական շահը իր կարևորությամբ կարող է բազմապատիկ գերազանցել նմանությանը։
Հենց այդպիսի վիճակ է հիմա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերություններում, և ատելությունն ու վախն էլ իրենց մոտ առկա են, բայց դա Թրամփի ու նրա վարչակազմի արհամարհանքն ու ատելությունն է ԵՄ-ի անճարակ էլիտայի նկատմամբ, ոչ թե Եվրոպայի նկատմամբ։
Իր համար լավագույն դեպքում Թրամփը կուզենար, որ Չինաստանի ու Ռուսաստանի վերելքի և նրանց ուժերը, թեկուզ մասնակի, միավորելու պայմաններում, ԵՄ-ը այնքան ուժ ունենար, որ կարողանար հակակշռել Ռուսաստանին, որպեսզի ինքն էլ իր ուժերը կենտրոնացներ Չինաստանի դեմ։
Բայց, մյուս կողմից էլ, հաշվի առնելով ուկրաինական պատերազմում գործերի ավելի ու ավելի վատացող վիճակը և նաև ուրիշ բազմաթիվ հանգամանքներ, Թրամփը տեսնում է, որ նման խնդիրը ԵՄ-ի ներկա էլիտայի ուժերից վեր է։
Իսկ ԵՄ-ի էլիտայի փոխվելն էլ շատ ձգձգվող ու մեծ անորոշությունների հետ կապված անհայտ ելքով պրոցես է, որն էլ ԱՄՆ-ի վարչակազմին բերեց այն եզրահանգումներին, որոնք հստակորեն արտացոլված են ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր մարտավարության մեջ։
Տեսնելով ու համոզվելով, որ աշխարհաքաղաքական իմաստով ԵՄ-ի և Ուկրաինայի վրա այլևս հույս դնել չի կարելի, Թրամփը ռադիկալ ձևով փոխեց իր վերաբերմունքը նրանց նկատմամբ՝ մեջտեղ բերելով կոռուպցիայի գործը Ուկրաինայում և մեղադրելով ԵՄ-ի էլիտային՝ ներկա մարտահրավերներին նրա անհամապատասխանության մեջ։
Դրանից բացի, ԱՄՆ-ի այդ նույն ազգային անվտանգության մարտավարության մեջ արմատապես փոխված է նաև վերաբերմունքը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ, այլևս չհամարելով նրանց թշնամական երկրներ, այլ՝ պոտենցիալ գործընկերներ։
Եվ այս ամենի առանցքն էլ ուկրաինական պատերազմն է, որի ելքով էլ պայմանավորված կլիներ աշխարհում ուժերի նոր դասավորությունը։
Եթե պարտվեր Ռուսաստանը, ապա Արևմուտքն ու գլոբալիստները կշարունակեին Բայդենի քաղաքականությունը, իսկ Ուկրաինայի պարտության դեպքում էլ, ատոմային պատերազմի բացառման պայմաններում, կպահանջվեր գլոբալ ուժերի դասավորության մեջ կատարել ռադիկալ բնույթի փոփոխություններ, այն, ինչը որ անում է Թրամփը։
Այս քաղաքականության հիմնական հետևանքը կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի իրար հետ լեզու գտնելը, որն էլ կավարտվի նրանցից ամեն մեկի ազդեցության զոնաներն ու շուկաները որոշելով։
Հզորների նման քաղաքականությունն էլ բազմաթիվ խնդիրներ կդնի մնացած աշխարհի առաջ՝ ով ում ընկերն է դրվածքով և այդ էլ այն պայմաններում, որ հզորներից ամեն մեկը կդառնա յուրատեսակ ձգողության կենտրոն։
Մյուս կողմից էլ, քանի որ աշխարհի բաժանման ուժային փուլը արդեն հիմնականում ավարտված կլինի, առաջ կմղվեն երկրների միավորման այլ չափանիշներ՝ նրանց պոտենցիալ շահը, քաղաքակրթական նմանությունը և այլն։
Նման պայմաններում շատ կարևոր գործոն կդառնա ԵՄ-ի պոտենցիալ մեծ անկայունությունը, թուրքական աշխարհն իր անորոշություններով և այլն, և այլն։
Այդ պայմաններում անխուսափելիորեն առաջ կքաշվի նաև ԽՍՀՄ-2-ի նման պրոբլեմ՝ իր կառուցվածքային նոր տարբերակով, որը հիմնականում կհամապատասխանի ԲՐԻԿՍ-ի սկզբունքներին, և որին կարող են միանալ նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սերբիան, Սլովակիան, Բուլղարիան և ուրիշներ։
Պավել Բարսեղյան