Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Մեր տարածաշրջանը դառնում է ռեսուրսների համար գլոբալ պայքարի կիզակետերից մեկը

Մեր տարածաշրջանը դառնում է ռեսուրսների համար գլոբալ պայքարի կիզակետերից մեկը
10.02.2026 | 18:37

Ներկա աշխարհաքաղաքական մեծ տրանսֆորմացիան, որը սկսվել էր Գորբաչովի, դեռևս շատ գաղտնիքներով պարուրված, «պերեստրոյկայով» ու դրա անմիջական հետևանք ԽՍՀՄ-ի կոլապսով, իր աննախադեպ մասշտաբայնության պատճառով դեռևս շատ հեռու է ավարտից, որն էլ կունենա ինչ-որ ձևի ժամանակավոր ուժային հավասարակշռության տեսք երկու կամ էլ, ավելի քիչ հավանական, երեք գլոբալ հզորություններ ունեցող բևեռների միջև։

Առայժմ, նման ուժային բևեռներից, որոշակի հստակությամբ, երևում են դրանց երկուսի կորիզները՝ ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի ուժեղացող ալյանսի տեսքով։

Այնինչ, դրա հետ միաժամանակ անորոշության մեջ է գտնվում այնպիսի կարևոր աշխարհաքաղաքական խաղացողների վիճակը, ինչպիսիք են Հնդկաստանը, ԵՄ-ը, Արաբական աշխարհը, Աֆրիկան, Հարավային Ամերիկան, միջին մասշտաբի տարածաշրջանային հզորությունները և այլն։

Այս ամենի ֆոնին շատ ավելի մեծ անորոշությունների մեջ է թույլերի ու շատ թույլերի վիճակը, որոնք որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսների ընթացքի վրա, բայց նաև դրանցից ամեն մեկի առաջ դրված է ստեղծված աննախադեպ վտանգներով ու ռիսկերով վիճակներից առավել շահով և մինիմալ կորուստներով դուրս գալու բարդ խնդիրը՝ գոնե ինչ-որ չափով խուսափելով ուրիշների կողմից պարտադրված անցանկալի լուծումներից։

Եվ այստեղ առաջ է գալիս մի այլ պրոբլեմ, որն ուղեկցում է ցանկացած մասշտաբային աշխարհաքաղաքական տրանսֆորմացիային, այն իմաստով, որ դրան ուղեկցող տեկտոնական բնույթի փոփոխությունները տարբեր տեսակի փորձություն և քննություն են մեծ ու փոքր բոլորի համար։

Ճիշտ այնպես, ինչպես այդ մասշտաբային պրոցեսի կողմից մեզ նվեր տրված անկախությունը, որը շատ մեծ փորձություն և քննություն է մեր՝ դրան արժանի լինելու տեսանկյունից և ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու առումով։

Շատ հզորների համար այդ քննությունը նրանց իրական հզորության չափը պարզելն է, որը կարող է բացահայտվել միայն մասշտաբային աշխարհաքաղաքական այնպիսի ուժային բախման միջոցով, ինչպիսին, ասենք, ուկրաինական միջնորդավորված պատերազմն է, որում, մեր աչքերի առաջ, Ռուսաստանը քննություն է բռնում, իսկ ԵՄ-ը՝ ոչ։

Դրա հետ միասին ԱՄՆ-ը, իր նոր ազգային անվտանգության ստրատեգիայով և MAGA կոչով, արմատապես վերանայում է մոտեցումները արտաքին քաղաքականության ոլորտում։

Աշխարհաքաղաքական բնույթի ճգնաժամային վիճակում և մասշտաբային անորոշությունների պայմաններում գտնվող երբեմնի հզոր Եվրոպան էլ փորձում է ստեղծված իրավիճակից դուրս գալ իր նոր MEGA նախաձեռնությամբ, որն էլ հաջողության աննշան շանս ունի։

Այս առումով, ժամանակին, Գորբաչովի անիմաստ արտաքին քաղաքականության հետևանքով երկու Գերմանիաների միավորմանը դեմ էին և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ֆրանսիան՝ դրա մեջ տեսնելով միացյալ Գերմանիայի հզորացման հետ կապված նոր հնարավոր վտանգներ, մի պրոբլեմ, որը ներկա պայմաններում սկսում է լուրջ ուշադրության արժանանալ։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն, օրինաչափորեն, դառնում է ռեսուրսների համար գլոբալ պայքարի կիզակետերից մեկը՝ իր հետ բերելով բազմաթիվ անորոշություններ, որոնք վճռական կարող են դառնալ մեր ապագայի համար։

Այս մասշտաբային բախման պրոցեսում ասելու խոսք ունեն միայն դրա համար համապատասխան ուժ ունեցողները, իսկ թույլերը պետք է այնքան խելք ունենան, որ գոնե լավագույնս հարմարվեն ուրիշների կողմից թելադրված ռազմաքաղաքական լուծումներին։

Իսկ ուժեղ խաղացողին թույլից տարբերելու մի հստակ չափանիշ կա, այն, որ եթե քո մտքինը քո լեզվի ծայրին է, որեմն դու անհույս թույլ ես, իսկ եթե քո մտքինը իմացվում է միայն այն լուծում դառնալուց հետո, ուրեմն դու ուժեղներից մեկն ես։

Թույլին ուժեղից զանազանելու այս չափանիշը ուժի մեջ է նաև անձ մակարդակում։

Նայեք ձեր շուրջը ու կհամոզվեք դրանում։

Անհամեստ դատարկախոսների երկիր իմ Հայաստանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ