«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 2

Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 2
24.06.2026 | 12:12

Սկիզբը՝ այստեղ

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և՝ ոչ միայն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրերս պատմել էր մերձավորարեւելյան հակամարտությանը անձնական միջամտության մասին՝ հայտարարելով, որ զանգահարել է Իսրայելի ղեկավարությանը, որպեսզի համոզի նրան ընդունել Լիբանանի հետ նոր հրադադարը: Այս տեղեկությունը, Life.ru-ի փոխանցմամբ , հայտնել է Սպիտակ տանը կից «NBC News»-ի թղթակից Գեյբ Գուտիերեսը X սոցցանցի իր էջում: ԱՄՆ-ի նախագահը չի հստակեցրել, թե արդյոք ուղիղ զրո՞ւյց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:

«Ես միշտ յոլա եմ գնացել Բիբիի հետ (Թրամփը Նաթանյահուին հաճախ է այդպես անվանում.-Ա. Հ.),- ասել է նա:- Պարզապես երբեմն պետք է հանգստանալ և միացնել ուղեղները»:

Կարդալով սա, Բիբին հավանաբար ծիծաղել կամ արհամարհական քմծիծաղ է տվել: «NBC News»-ի թղթակցի գրառումից ժամեր անց, հունիսի 20-ի առավոտյան, այսինքն՝ դարձյալ հունիսի 19-ին Մոսկվայի ժամանակով 16: 00-ից «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերը, Life.ru-ի փոխանցմամբ, Լիբանանի հարավում նոր և ինտենսիվ հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին: Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մեկ օրում զոհվել է 77 մարդ, ևս 120-ը վիրավորվել են:

«Մարտի 2- ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4057-ի, վիրավորներինը՝ 12 121-ի»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված Լիբանանի առողջապահության նախարարության ամփոփագրում:

Նաբաթիա քաղաքում և նրա շրջակայքում փրկարարները շարունակում են ապամոնտաժել փլատակները ռմբակոծություններից հետո. զոհերի թիվը կարող է աճել: Բացի այդ, շաբաթ օրը իսրայելական անօդաչուն հարձակվել է Քֆար-Ռումման շրջանի վրա, ինչի հետևանքով զոհվել է լիբանանյան բանակի զինծառայող, հայտնել է բանակային գերատեսչության մամուլի ծառայությունը: Իսրայելը շարունակում է մնալ Լիբանանում՝ ի հեճուկս ԱՄՆ-ի և Իրանի գործարքի:

«Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այդ պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած իրանական պետության ղեկավարի սպանությանը և ավերիչ հրթիռային հարվածներին»,- «Макс»-ի իր ալիքում, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նա գրել է, որ եթե մի կողմ դնենք ամպագոռգոռ հայտարարությունները, ակնհայտ է դառնում, որ Իրանն ակնհայտորեն պարտվող կողմ չէ: Մեդվեդևի կարծով, Իսրայելը դժգոհ է մնացել դիմակայության արդյունքից: Նրա խոսքով՝ Թել Ավիվը հույս ուներ Իրանի քաղաքական ռեժիմի լիակատար ջախջախման, բայց դա տեղի չունեցավ: Այժմ, ինչպես կարծում է Մեդվեդևը, Իսրայելը կարող է փորձել խափանել անկայուն հուշագիրը Լիբանանին նոր հարվածներով կամ այլ սադրանքներով։ Մեդվեդևը վստահ է, որ Նաթանյահուի կաբինետը պատերազմի մեջ է Իրանի հետ, և որ ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կարող է պայթեցնել Լիբանանի դեմ Իսրայելի նոր հարվածներով:

Մեդվեդևը, Life.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցը, իր գնահատմամբ, փաստացի վերածվել է «պարսկական միջուկային զենքի» և կարող է օգտագործվել հետագայում: Նրա խոսքով՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի ենթադրյալ «գործարքից» հետո մնում է խիստ անկայուն, իսկ հակամարտության մասնակիցները շահերի կայուն հավասարակշռության չեն հասել:

«Այնպես որ, խաղաղություն սպասելն անխոհեմ է, իսկ Հորմուզի նեղուցն իրապես վերածվել է պարսկական միջուկայինի, ինչի մասին գրել եմ դեռ ապրիլի 8-ին,- հայտարարել է Մեդվեդևը։ Եվ այն կօգտագործեն…»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի մասին, որն արդեն անվանել են Մերձավոր Արևելքում ճգնաժամը դանդաղեցնելու փորձ: Փաստաթուղթը, ի թիվս այլ պայմանավորվածությունների, նախատեսում է հրադադար 60 օրով և Հորմուզի նեղուցի բացում նավագնացության համար։ Ընդ որում, համաձայնագրի մանրամասները մնում են լղոզված, իսկ Վաշինգտոնում և Թեհրանում դրա պայմանները տարբեր կերպ են մեկնաբանվում։

Մեդվեդևի հայտարարությունը դեռ բոլորովին թարմ էր, երբ Իրանի զինված ուժերի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերստին փակելու մասին:

Այս միջոցը սահմանվում է ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ հարձակումների շարունակման, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, հրադադարի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի դրույթի խախտման. այս մասին, «Новости Mail»-ի փոխանցմամբ , հայտնել է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի խոստումների աղաղակող խախտումը և պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագրի առաջին կետը («Անհապաղ և մշտական հրադադար Միացյալ Նահանգների, Իրանի և նրանց դաշնակիցների միջև բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ երկու կողմերն էլ կխուսափեն ապագա ռազմական գործողություններից և կերաշխավորեն Լիբանանի ինքնիշխանությունը».- Ա. Հ.) չկատարելը, ինչպես նաև ի պատասխան Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի չդադարող խախտման… հայտարարվում է Հորմուզի նեղուցի փակման մասին»,-նշված է շտաբի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է նաև, որ Լիբանանի նկատմամբ ագրեսիայի շարունակման դեպքում Թեհրանը լրացուցիչ քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակառակորդին իր ստանձնած պարտավորությունների կատարմանը հարկադրելուն:

Իրանի զինված ուժերն իսրայելական հարվածներից ժամեր անց, հունիսի 20-ի ցերեկը, РБК-ի փոխանցմամբ , հայտնել են, որ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարվածների պատճառով վերստին փակել են Հորմուզի նեղուցը, և ԱՄՆ-ին մեղադրել պայմանավորվածությունները խախտելու մեջ: Թեհրանն ընդգծել է, որ իր կողմից կատարել է սահմանված բոլոր պարտավորությունները: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին պետք է ստիպի դադարեցնել կրակը Լիբանանում, հակառակ դեպքում հակամարտության կարգավորման մասին հուշագիրն ամբողջությամբ սպառնալիքի տակ կհայտնվի:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, բայց մյուս կողմը պարտավոր էր ստիպել իր դաշնակցին դադարեցնել կրակը Լիբանանում,- IRNA գործակալության տեղեկացմամբ, ասել է դիվանագետը։- Այս առումով մենք ականատես չենք եղել պարտավորությունների կատարմանը, ինչը համարում ենք հրադադարի մասին համաձայնագրի ակնհայտ խախտում»:

Մեկնաբանելով Հորմուզի նեղուցը նորից փակելու որոշումը, Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը «սպառիչ ու փոխկապակցված» միջոցառումների փաթեթ է. եթե պարտավորությունների մի մասը չկատարվի, ապա ամբողջ հուշագիրն, ընդհանուր առմամբ, ձախողման վտանգի տակ կհայտնվի:

Պենտագոնը, սակայն, հայտարարել է, որ նեղուցը բաց է, և դրանով արդեն անցել է ավելի քան 50 նավ: Ըստ այլ տեղեկությունների, հունիսի 20-ին անցել է 25 կամ նույնիսկ 15 նավ, որից 10-ը՝ իրանական: Բնականաբար, հարց է առաջանում՝ եղել է ընդամենը փակելու սպառնալի՞ք, նեղուցը կարճ ժամանակո՞վ է փակվել, թե փակվել է, սակայն մասնակիորեն: Այս հարցերի պատասխանը թերևս կարելի է գտնել դրանից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարության մեջ, որով նա, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , Թրամփին մեղադրել է Հորմուզի նեղուցը փակելու մեջ և կոչ է արել վերականգնել ջրային ուղու աշխատանքը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ նույնպես Իսրայելին մեղադրելու փոխարեն, մեղադրել էր Իրանին, ТАСС-ի փոխանցմամբ , սպառնացել է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով ամերիկյան ուժերը կարող են նոր հարվածներ հասցնել Իրանին:

«Իրանը պետք է անհապաղ այնպես անի, որ Լիբանանում իրեն ենթակա բարձր վարձատրվող ուժերը դադարեն խնդիրներ ստեղծել»,- գրել է ամերիկացի առաջնորդն իր «Truth Social» սոցիալական ցանցում:

«Եթե նա դա չանի, մենք շատ ուժեղ կհարվածենք Իրանին, ճիշտ այնպես, ինչպես մենք դա արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ»,- ասել է նա։

Իրանն ԱՄՆ-ի հետ հետագա բանակցություններ չի վարի առանց Լիբանանում հրադադարի և նրա տարածքային ամբողջականության ապահովման. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Եթե Լիբանանում Իսրայելի հանցագործությունները շարունակվեն, իսկ Լիբանանի տարածքային ամբողջականությունը չապահովվի, այլ հարցերի շուրջ բանակցություններ չեն վարվի»,- աղբյուրի խոսքն է մեջբերել գործակալությունը:

«Tasnim»-ի աղբյուրը նշել է նաև, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացման պայմաններն են իրանական ակտիվների մի մասի ապաշրջափակումը, պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, շրջափակման ամբողջական վերացումը և իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի վաճառքի թույլտվությունների տրամադրումը:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմաիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը և Իսրայելի սիոնիստական վարչակարգը երբեք ազնիվ չեն եղել իրենց պարտավորությունների կատարման հարցում»:

«Բազմիցս ապացուցվել է, որ Ամերիկայում որոշումների կայացման համակարգը գտնվում է ծայրահեղական ու ռազմատենչ խմբակցությունների, սիոնիստական ռեժիմի լոբբիի և վերլուծական կենտրոնների ուժեղ ազդեցության տակ, որոնք տասնամյակներ շարունակ սովոր են բացառապես պատերազմի հրահրմանը և ահաբեկման և ուժի գործիքների օգտագործմանը»,- ասել է Բաղային:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ