Երեկ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները գնահատականներ ներկայացրին ընտրությունների առնչությամբ: Ինչպես սպասվում էր, ԱՊՀ դիտորդները խորհրդարանական ընտրությունները ճանաչեցին «ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»՝ որոշ մանր-մունր տեխնիկական վրիպակներ նշելով: «ԱԺ ընտրություններն անցան ազատ, բաց և մրցակցային՝ ժողովրդավարական նորմերին համապատասխան»,- նշել է առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը՝ տեղեկացնելով, որ այս եզրահանգման է եկել 170 դիտորդ, որոնք շրջել են 200 ընտրատեղամասերում: Ամենաշատ նշվող խախտումներից՝ կնիքների թանաքի ցնդելը, նկատել են նաև ԱՊՀ դիտորդները, ինչպես նաև ընտրատեղամասերում մարդկանց կուտակումները, որոնք, ըստ նրանց, ընտրողների ակտիվության մասին են վկայում:
Փաստելով, որ ԱԺ ընտրություններն անցել են ոչ լարված մթնոլորտում ու առանց ճնշումների, դիտորդները դրական են գնահատել մինչ ընտրությունները ԶԼՄ-ների աշխատանքը:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ի տարբերություն իրենց ԱՊՀ գործընկերների, ընտրությունների արդյունքների վերաբերյալ ինչ-ինչ անհանգստություններ ունեն: Ըստ վերջինների, ընթացել է խաղաղ քարոզարշավ, հանգիստ է անցել քվեարկության օրը, սակայն կազմակերպական խնդիրներ են եղել և կուսակցությունների ներկայացուցիչների անտեղի միջամտություններ: «Կուսակցությունների և հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունն ընտրական գործընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է: Այն եղանակը, որով ԿԸՀ-ն անդրադարձել է բողոքներին, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում, որտեղ ընդգծված են նաև դրական նկատառումները և, որ ամենակարևորն է, արդյունքների ամփոփման գործընթացը գրեթե բոլոր ՏԸՀ-ներում գնահատվել է դրական:
Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս ամփոփիչ զեկույց է ներկայացրել: ՄԻՊ-ն ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ ստացել է 310, նախընտրական քարոզչության՝ 106, ընտրության օրը՝ 204 ահազանգ: Պաշտպանի գրասենյակը մանրամասնում է, թե ինչ հարցերով են դիմել քաղաքացիները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ