Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից կոդավորված հանրապետության գետային ամբողջական ցանցի մոդելային պլանը: Այն նպատակաուղղված է հանրապետության ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանն ու դրանց կառավարման կանոնակարգմանը:
Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը, համաձայն այդ պլանի` հետագայում կմշակվեն վեց ջրավազանային կառավարման պլաններ, որոնք կընդգրկեն ինչպես այդ ավազանների ջրային ռեսուրսների ծավալները, այնպես էլ դրանց պահպանման-օգտագործմանը վերաբերող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Վերոնշյալ փաստաթղթերը, ջրավազանային տարածքային կառավարման բաժինների համար արդյունավետ կառավարման ուղեցույց լինելուց բացի, հնարավորություն կտան նաև ժամանակին և նպատակամետ գնահատելու ջրօգտագործման թույլտվությունների հայտերը:
Գրիշա Մուրադյանի փոխանցմամբ` ջրային ռեսուրսների անդրսահմանային կառավարման հարցում ներկայումս ՀՀ-ն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրում են Արաքս գետի աղտոտվածությունը, իսկ Դեբեդ գետի աղտոտվածության ուսումնասիրման և նմանատիպ աշխատանքներ կատարելու համար քայլեր են ձեռնարկվում նաև Վրաստանի հետ:
Ըստ բաժնի պետի, 2011 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է 486 ջրօգտագործման թույլտվություն: Շնորհիվ դրա, իրավական դաշտ է բերվել հանրապետության ջրօգտագործողների 95 տոկոսից ավելին:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ