Սովորաբար կա մի ընտրազանգված, որը դեմ է բոլորին։ Նախկինում քվեաթերթիկներում կար «Բոլորին դեմ» տողը, ինչը հնարավորություն էր տալիս այդ մարդկանց արտահայտելու իրենց կարծիքը։ Սակայն վերջին ընտրություններում, ընդօրինակելով Ռուսաստանի Դաշնության փորձը, մեզ մոտ նույնպես այդ տողը հանվեց, ինչը ենթադրում է, որ չկողմնորոշված կամ բոլորին դեմ ընտրողների ձայնը, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ գնալու է։ Իսկ ո՞ւր։ Ըստ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ, նախընտրական շրջանում չկողմնորոշվելով և չհրապուրվելով ընտրակաշառքներով՝ մարդկանց որոշակի տոկոս, այնուամենայնիվ, իր քաղաքացիական պարտքն է կատարում և գնում ընտրատեղամաս։ Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ ընտրազանգվածը 6-8 տոկոսի շրջանակներում է։ Այդ մարդիկ, որպես կանոն, ծայրահեղ բևեռներին՝ իշխող կուսակցությանը, արմատական ընդդիմությանը կամ մարգինալ ուժերին ձայն չեն տալիս։ Ըստ Վիգեն Հակոբյանի, նրանք քվեարկում են՝ առաջնորդվելով չարյաց փոքրագույնի սկզբունքով և իրենց քվեն տալով այն քաղաքական ուժերին, որոնք որոշակի պատմություն ու գաղափարախոսություն ունեն։ Նախկինում այս իրավիճակից մեծապես օգտվում էր Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Խորհրդարանական այս ընտրություններում ՀՅԴ-ն դարձյալ կօգտվի չկողմնորոշվածներից, սակայն չի պահպանի այդ ձայները ստանալու մենաշնորհը։ Այս ընտրազանգվածից ավելի շատ ձայներ կստանա «Ժառանգությունը», չի բացառվում` մի փոքր էլ կոմկուսը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ