Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գեորգի Մարգվելաշվիլու ամենամյա ուղերձը

Գեորգի Մարգվելաշվիլու ամենամյա ուղերձը
04.02.2016 | 14:59

«2015-ը Վրաստանի համար բարդ տարի էր, 2016 թվավանը ևս դյուրին չի լինելու»՝ սա էր Վրաստանի նախագահի Քութաիսում` խորհրդարանի լիագումար նիստում հնչեցրած ուղերձի գլխավոր գաղափարներից մեկը: «Այսօր մեր տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է, բնակչության մեկ հինգերորդն արտագաղթել է, գործազրկության ցուցանիշը բավական բարձր է, մանր ու միջին բիզնեսը տնտեսության ընդամենը 20 տոկոսն է կազմում: Դոլարի ամրապնդումը և նավթի գնի պատմական նվազագույն ցուցանիշին հասնելը, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այդ երկու պետությունների տնտեսությունների ճգնաժամը, ռուս-թուրքական հակամարտության հետևանքները՝ սրանք են այն գլոբալ ու տարածաշրջանային խնդիրները, որոնք ստիպված է հաղթահարել վրացական տնտեսությունը», - հայտարարել է Մարգվելաշվիլին` նշելով, որ հետագա տարիներին ևս Վրաստանի տնտեսական զարգացման հիմքը լինելու է երկրի աշխարհագրական դիրքը: «Վրաստանն այնպիսի առանձնահատուկ դիրքում է գտնվում, այնպիսի պատմական գործառույթ է կատարում, որը մեր երկրին իրապես հատուկ դերակատարություն է հաղորդում: Վրաստանը պետք է օգտագործի իր աճող ներուժը: Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը՝ այս ամենն այդ ներուժի կարևորագույն դրսևորումներն են: Սրան է գումարվում ևս մեկ կարևոր գործոն` Իրանի ներուժի հասանելիությունը: Վրաստանը այս համատեքստում նոր դեր կարող է ստանձնել` օգտվելով Իրանի և Պարսից ծոցի ընձեռած տնտեսական հնարավորություններից»: Վրաստանի նախագահը չշրջանցեց նաև Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարը. «Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է: Մյուս կողմից, սակայն, այն կարող է օգտագործվել «մեղմ ուժի» քաղաքականության շրջանակներում: Դա նախ և առաջ վերաբերում է «Գազպրոմ»-ի հետ համագործակցությանը: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը ցանկանում է տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով: Այդ իսկ պատճառով ես պնդում եմ` «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները չպետք է գաղտնի ընթանան և պետք է ծավալվեն բացառապես հստակորեն սահմանված «կարմիր գծերի» շրջանակում»:
Վրաստանի նախագահի՝ երրորդ տարեկան ուղերձը նախորդներից առանձնանում էր: 2014-ին և 15-ին Վրաստանի կառավարությունը` նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ, ներկա չէին լինում նախագահի ամենամյա ուղերձներին: Պատճառը Մարգվելաշվիլի և «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի կոֆլիկտն էր: Տարեվերջին վարչապետի պաշտոնը ստանձնած Գեորգի Կվիրկաշվիլին որոշել է խախտել ավանդույթը: Վարչապետը, կառավարության ողջ կազմի ուղեկցությամբ, մեկնել էր Քութաիս` նախագահի ուղերձը լսելու նպատակով: «Կառավարության և նախագահի հարաբերությունները այլևս չպետք է դառնան երկրի քաղաքական օրակարգի առանցքային թեման», - օրեր առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ