Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գագիկ Ծառուկյան. Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի

Գագիկ Ծառուկյան. Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի
17.01.2017 | 17:40

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն։ «Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների: 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որ ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման և արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար և շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ:
Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից և անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի և Արցախի կայությունն ու անվտանգությունը:


Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին:
Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն:


Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն:


Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ ես չեմ դադարել զբաղվել բարեգործությամբ՝ ցույց տալով, որ դրա տակ երբեք չի եղել քաղաքական նպատակ և ենթատեքստ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Բայց, որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:
2017-ի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:


Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով:
Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար:


Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու:
Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ