Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր

Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր
25.05.2026 | 12:00

Բաքվի ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ռուբեն Վարդանյանին ՈՒկրաինային հանձնելու հնարավորությունը՝ Դոնբասում սեպարատիզմի ֆինանսավորման և ռուսական ագրեսիային աջակցելու վերաբերյալ հետաքննության շրջանակում։

Վարդանյանը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին ընդգրկվել էր ուկրաինական «Միրոտվորեց» տվյալների բազայում և հայտնվել ուկրաինական սանկցիաների տակ՝ ռուսական ազդեցության մեխանիզմների և Դոնբասի անջատողական կառույցների հետ կապերի կասկածանքով։

Եթե Իլհամ Ալիևն իսկապես գնա նման քայլի, ապա դա կլինի ակնհայտ աշխարհաքաղաքական ժեստ՝ ուղղված ՈՒկրաինային, ԵՄ-ին և ընդհանրապես այն կենտրոններին, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմամբ։

Մի կողմից, Բաքուն կփորձի ազատվել այն միջազգային քաղաքական և մեդիա ճնշումից, որն ուղեկցում է Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու թեմային, մյուս կողմից՝ Ալիևը կփորձի իրեն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական ճակատի գործընկեր։

Այս ֆոնին ուշագրավ է նաև օրերս կալանավորված մեր թիմակից Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման իրական պատվիրատուն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

Անկախ նրանից՝ որքանով են մինչև վերջ հիմնավորված այդ պնդումները, ակնհայտ է մեկ բան․ ուկրաինական գործոնը գնալով ավելի նկատելի դեր է ստանում Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում։

Թե՛ Վարդանյանի թեման, թե՛ Թևանյանի հայտարարությունը տեղավորվում են նույն լայն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, որտեղ տարածաշրջանը աստիճանաբար վերածվում է ռուսական ազդեցության սահմանափակման հերթական հարթակի։ ՈՒկրաինական գործոնը կիրառվում է որպես տարածաշրջանային վերադասավորումների և ներքաղաքական ճնշումների գործիք։

Արևմտյան որոշ շրջանակներ ակնհայտորեն փորձում են ձևավորել նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիա, որտեղ Ռուսաստանի հետ ասոցացվող կամ նրա նկատմամբ բարեկամական դիրքավորում ունեցող դերակատարները պետք է դուրս մղվեն քաղաքական, տեղեկատվական և անվտանգային գործընթացներից։

Խնդիրն այն է, որ այս մեծ հակադրությունների պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ չափազանց խոցելի։ Իսկ երբ իշխանությունները երկիրը ներքաշում են արտաքին ուժերի դիմակայության տրամաբանության մեջ՝ առանց հստակ ազգային ռազմավարության և պետական հաշվարկի, Հայաստանը վտանգում է վերածվելու ոչ թե ինքնուրույն սուբյեկտի, այլ աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմի։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 22012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ