Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ով խոսի, ով հանգստանա

Ով խոսի, ով հանգստանա
27.01.2015 | 00:27

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետամանորյա, հետգյումրիական, հետտնտեսական, հետսահմանային հարցազրույցը «ձայն բարբառո հանապատի» դարձավ մեզանում:

Ո՛չ ՀՀԿ-ն, էլ առավել` ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ միջանկյալ որևէ ուժ որևէ կերպ չանդրադարձան երկրորդ նախագահի «երևումին», երբ այլ դեպքերում նրա «հայտնությունը» ուղղակի լակմուսի նման «վերծանում» էր քաղաքական դաշտի իրողությունները:

ՈՒստի կարո՞ղ ենք կարծել.

ա) Որ, ինչպես Քոչարյանի վերջին բոլոր քայլերն ու «պրոյեկտները», այս մեկը նույնպես դատապարտվեց ձախողման, որովհետև տարվա սկզբին արված քաղաքական այս մեսիջն «ասում» էր` Քոչարյանն ակտիվանում է ու պատրաստվում է մտնել քաղաքականություն, այն է` նա կա՛: Ակնհայտ է նաև` Քոչարյանն ու իր շրջապատն այլևս չեն կարողանում հաշվել, հաշվելիս էլ ահավոր սխալներ են թույլ տալիս, որովհետև պահը, ժամը, տեղն ամենևին պատեհ չէին հարցազրույցի համար: Այն էլ` այդ կարգի:

Հասկանալի է` սահմանադրական փոփոխությունների սպասվելիք փաթեթը «մտնում» է եզրափակիչ փուլ, ու Քոչարյանն ահավոր շատ է շտապում, սակայն, շտապելով հանդերձ, այդպիսի ֆիասկոյի տանել սեփական «բոսին»` նրա կողքին եղողները գոնե չպետք է թույլ տային:

Հասկանալի է նաև, որ Քոչարյանը, ընդհանուր առմամբ, մեղմել է իր «ականջաքաշության» երբեմնի լեքսիկոնը և փորձում է բարիդրացիականություն պահպանել, չսրել շատ բան, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության անհաշտ քննադատին ո՞նց հասկանաս, երբ մեկ անգամ իսկ չի ցանկանում տալ մեծ ֆիասկո գրանցած ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Սա` ի միջի այլոց:

բ) Ամենահետաքրքիրը, սակայն, այս ամենում այն էր, որ ԲՀԿ-ն և իր լրատվամիջոցները չգովերգեցին, մինչև աստղեր ու երկինք չբարձրացրին «առաջնորդի» հարցազրույցը, այն է` երկրորդ նախագահի «մեծ երևումը» տարվա նախաշեմին:

Կարելի՞ է կարծել, որ սույն «երևումը» այս պահին առավել անցանկալի է ոչ այնքան ՀՀԿ-ին և իր ու երկրի նախագահին, որքան հենց ԲՀԿ-ին, նրա «թագավոր» առաջնորդին ու նրա անմիջական խնամուն։

Իհարկե, կարելի է: ՈՒստի և լիարժեքորեն օգտվում ենք այդ իրավունքից: Հավելմամբ, որ հենց դա՛ էր «գառների լռության» պատճառը` երկրորդ նախագահի այս նոր «երևման» մեծագույն առանձնահատկությունը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ