Եվ այսպես, ավարտվեցին ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները: Ինչպես և նախատեսում էին գրեթե բոլոր վերլուծաբանները և քաղաքական ուժերը` ընտրություններում որևէ լուրջ անակնկալ չարձանագրվեց: Իհարկե, նախ և առաջ ընտրություններն արդարացրին այն կանխատեսումները, ըստ որոնց` Բակո Սահակյանը մեծ առավելությամբ 2-րդ անգամ վերընտրվելու է ԼՂՀ նախագահի պաշտոնում: Հետաքրքրական է, որ ԼՂՀ գործող նախագահի առավելությունն իր գլխավոր և փաստացի միակ մրցակից Վիտալի Բալասանյանի նկատմամբ ընտրարշավի ամբողջ ընթացքում այնքան ակնհայտ էր և այնպիսի սպասումներ էր առաջացրել թե՛ ԼՂՀ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս, որ շատերի համար Բակո Սահակյանի հավաքած մոտ 68% հաղթական արդյունքը նույնիսկ փոքր-ինչ «համեստ» է թվում: Մինչդեռ, եթե հաշվի առնենք, որ արցախյան այս ընտրություններն անցնում էին իրական այլընտրանքային պայմաններում, իսկ սովորաբար, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գրեթե բոլոր վերընտրվող նախագահները միշտ էլ ի սկզբանե փոքր-ինչ անշահավետ դիրքում են լինում այլ թեկնածուների համեմատ, ապա ԼՂՀ նախագահական այս ընտրությունների արդյունքներն ամբողջովին մոտ են, այսպես կոչված, միջազգային ամենաբարձր ստանդարտներին: Դատելով ընտրությունների պաշտոնական արդյունքներից, Բակո Սահակյանն այլ երկրներում վերընտրվող նախագահների համեմատ բնակչության կողմից վստահության բավականին բարձր տոկոս է ստացել. ընտրություններին մասնակցած ընտրողների 1/3-ը կամ բոլոր ընտրական իրավունք ունեցողների մոտ 20 %-ը հավանություն է տվել ընդդիմադիր թեկնածուին: Այս ցուցանիշը, ի դեպ, նույնպես լիովին ընկալելի կարող է լինել միջազգային հանրության կողմից և նույնպես բնական ցուցանիշ է համարվում: Սակայն, ինչպես նշեցինք, այս ընտրություններն արդարացրին սպասումները ոչ միայն վերջնական արդյունքների առումով: Շատ ավելի կարևոր է, որ դրանք հերթական անգամ հավանության արժանացան ընտրություններին խստորեն հետևող բառացիորեն բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների և այլ դիտորդների կողմից: Հատկանշական է, որ ընտրությունների ընթացքին, դրանց կազմակերպվածության, ժողովրդավարության ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ գրեթե նույն բարձր գնահատականը տվեցին աշխարհաքաղաքական բևեռները և շահագրգիռ կենտրոնները ներկայացնող դիտորդական խմբերը: Իսկ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու պատգամավորները հերթական անգամ փաստեցին, որ ընտրություններն իրենց ժողովրդավարական չափանիշներով ոչ միայն անհամեմատելի են, օրինակ, ադրբեջանական համապետական ընտրությունների հետ, այլև «սարերի և ձորերի» տարբերություն կա հայաստանյան ընտրությունների համեմատ:
Ի դեպ, այն հանգամանքը, որ ԼՂՀ նախագահական 5-րդ ընտրությունների ընթացքին հետևում էին աննախադեպ թվով դիտորդներ, ինչպես նաև այդ դիտորդների տված բարձր գնահատականները նույնպես խոսում են Բակո Սահակյանի օգտին, քանզի նա է որպես ԼՂՀ գործող նախագահ կրել ամենամեծ պատասխանատվությունը թե՛ ընտրությունների նախապատրաստման, թե՛ ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար:
Այս միահամուռ գնահատականների ֆոնին, իհարկե, համահունչ չէ ընտրություններում պարտված թեկնածուի` պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի` ընտրությունների հաջորդ օրն արած հայտարարությունը: Արցախի հերոսը, ցավոք, ինչպես երևում է, այդպես էլ չկարողացավ զերծ մնալ իրեն շրջապատած չբավարարված հավակնությունների տեր անձանց կամ որոշ դրամաշնորհային կազմակերպությունների ներկայացուցիչների ազդեցությունից: Այս առումով, ամենևին էլ զարմանալի չէ, որ Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ հնչեցված «ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար» գնահատականը «տարօրինակ» կերպով հիշեցնում է որոշ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ստանդարտ և բազմիմաստ գնահատականները ոչ յուրային պետություններում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Նաև հատկանշական է, որ թե՛ Վիտալի Բալասանյանը, թե՛ նրան հուշող շրջապատն այդպես էլ որևէ լուրջ հիմնավորում չբերեցին ընտրություններին ոչ արդար բնորոշում տալիս: Համաձայնեք, որ որևէ լուրջ քննադատության չեն դիմանում մերկապարանոց հայտարարությունները վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ, և սա այն դեպքում, երբ Վիտալի Բալասանյանն ընտրարշավի ամբողջ ընթացքում գրեթե ամեն օր պաշտոնական և ոչ պաշտոնական նախընտրական հանդիպումներ էր ունենում իրեն այդքան սարսափեցնող այդ «վարչական ռեսուրսի» հետ: Ինչևէ, արդեն մոտ ժամանակներս հասկանալի կդառնա, թե ինչի կվերածի իր ստացած մոտ 30 % քվեն «ընտրությունների արդյունքները վերապահումով ընդունող», սակայն իրեն հաղթած Բակո Սահակյանին չշնորհավորող Վիտալի Բալասանյանը. վերջնականապես կվերածվի՞ իր նոր շրջապատի կողմից ամբողջովին ղեկավարվող գործչի, թե՞ իր կոչմանն ու անցած ճանապարհին ավելի պատվաբեր ուղի կընտրի:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ