Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պաշտպանն իր զորակցությունն ու օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին

Պաշտպանն իր զորակցությունն ու օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին
26.07.2012 | 11:32

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հետևյալ գրությունն է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Ստորև ներկայացված է գրությունը:


Հարգելի պարոն Թովմասյան,

Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով:
Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման խնդրի մասին: Մեր գնահատմամբ այս ծրագիրը նախատեսում է դատական իշխանության բարեփոխումների այն մեխանիզմները, որոնք կարող են լուծել հանրության համար ամենացավոտ՝ արդարադատության խնդիրը: Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի վերաբերյալ բարեփոխումները, դատախազության գործունեության արդյունավետության և մատչելիության բարձրացումը, ինչպես նաև իրավական համակարգի այլ ոլորտների բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը իրական հիմք կարող են դառնալ այդ համակարգերի և ոլորտների բարեփոխման համար:
Գիտակցում ենք, որ նույնիսկ լավագույն ծրագրի դեպքում միայն դրա իրագործմամբ է հնարավոր դրական փոփոխություն ակնկալել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ առանց հասարակության բավարար ընկալման և լայն աջակցության բարդ կլինի լիարժեք հաջողել այս հավակնոտ և դրական նախաձեռնության մեջ:
Հետևաբար, մեր զորակցությունն ենք հայտնում այս ուղղությամբ սկսած Ձեր նախաձեռնություններին: Պատրաստակամ ենք մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն: Հուսով ենք, որ հասարակական և քաղաքական բոլոր ուժերը, խորությամբ ծանոթանալով այս ծրագրին, նույնպես կաջակցեն Ձեզ սպասվող դժվարին աշխատանքներում:


ՀԱՐԳԱՆՔՈՎ`

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ