Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունը
04.09.2012 | 12:23

Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ, տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։ Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։

Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրությունների անհարկի կուսակցականացումը տեղին չէ։ Մեր ժողովուրդը կարիք ունի իրապես ընտրված, հարգանք ու հեղինակություն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների և ոչ թե քաղաք ու գյուղ «նայողների», իշխանության վերարտադրման համար ձայն ապահովողների։ Բնականաբար, լիարժեք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանա պարտադրված ընտրությունների միջոցով։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը այս առումով հուսադրող չէ։
Ազգային ժողովի` բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Հայտարարվում է մեկ բան, արվում է ճիշտ հակառակը։ Երբեմն տեղական «հեղինակությունները» իրենց վրա պետական գործառույթներ են վերցնում ու մնում անպատիժ։ Դա հյուծում է մեր երկիրը, պառակտում հասարակությունը։ Թալինի, Ախթալայի, Կապանի, Գյումրիի օրինակները հուշում են, որ այդ երևույթները եզակի չեն և ընդհանրական դառնալու միտում ունեն։
Մենք հայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիորեն հարվածում են մեր պետականությանը, մեր քաղաքացիների մեջ սպանում են հավատը որակական փոփոխությունների հանդեպ:
ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները, ճնշումները, ահաբեկման երևույթները և իշխանություններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։



Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ