Սեպտեմբերի 8
Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալուց ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ։ Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին։ Անպայման պետք է տաք որևէ բան։
Երբ թվա, թե Իմ կողմից տալը պակասում է, նշանակում է լճացում կամ խցանում է առաջացել։ Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք` տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի և հնար տաք, որ առատապես հոսի Իմ հոգու շռայլումը։
Իմ ներկայությունը իբրև սիրո արտահայտություն գիտակցելը ամբողջովին փոխում է կյանքի իմաստը։
Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունն Ինձ բացվելով` ճշմարիտ հանդարտություն է ձեռք բերում։ Իսկ հանդարտությունը խաղաղություն է բերում, խաղաղությունը` ուրախություն։ «Այն խաղաղությունը, որ վեր է պատկերացումից», և այն «ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»։
Բառերն անկարող են արտահայտելու այն սերն ու հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ։ Վստահ եղեք այս բանում և ուրախ` ձեր վստահության մեջ։ Ապրեք Իմ սիրո տարածքում։ Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում։ Արդարև, ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ սիրո։ Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և ինքնաբերաբար հասնում հաղթանակի։ ՈՒրեմն քայլեք ուղեկցությամբ Իմ սիրո։