Հոկտեմբերի 10
Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից առատության, անհանգստությունից` հանգստի, տխրությունից` ուրախության, տկարությունից` զորության։
Ես եմ ձեր օգնականը։ Ներկայումս անցնելիք ճանապարհի վերջում ձեզ սպասում են վերոհիշյալ օրհնությունները։ ՈՒրեմն հանգիստ եղեք ու վստահ, որ Ես առաջնորդում եմ ձեզ։ Անցնելու ու հաղթելու համար հաստատուն քայլերով մտեք յուրաքանչյուր օրվա մեջ` աներեր վստահությամբ։ Եվ պարտականություններն ու ընդմիջումները ընդունեք իբրև Իմ կողմից հանձնարարված։
Դուք Իմ մշակներն եք։ Ծառայեք Ինձ պարզ ու միամիտ սրտով, հրճվանքով ու պատրաստակամությամբ, ճիշտ` ինչպես դուք կկամենայիք, որ ուրիշները ծառայեին ձեզ։
Մի՞թե անմեղադրելի է այն ծառայողը, որ խուսափում է երբեմն պահանջվածից ավելին անելուց, որ գանգատվում է, երբ առաջարկում են իր նախընտրած գործից զատ ուրիշ գործեր անել։ Չե՞ք կարծում, որ նման մշակը չի կարող ձեզ լավ ծառայություն մատուցել։ Եթե այսօրինակ ծառայությունն անընդունելի է ձեր դեպքում, նշանակում է` առավել անընդունելի կլինի Իմ պարագայում։ Ափսոս, որ հաճախ դուք էլ նույն ոգով եք ծառայություն մատուցում Ինձ։ Մտածեք այս մասին։ Հանձնեք այն ձեր սրտի տեսությանը և ձեր կատարած առօրյա գործերին նայեք այս տեսանկյունով։