Հոկտեմբերի 21
Ահավասիկ ես դռան առջև եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա ինձ հետ (Հայտ. Գ. 20)։
Բայց և այնպես, դուռը բախելը ձեր արժանիքներից կախված չէ, Ի՛մ որդիներ, եթե անգամ այդ լինի պատասխանը` Ինձ տեսնելու ձեր սրտի մեծ ցանկության։
Անդադար, շարունակ լսելու ջանք թափեք։ «Եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին»։ Այս էլ ձեր արժանիքներից կախված չէ։ Իմ ուզածը սոսկ ձեր ականջալուր լինելն է` որսալու համար Իմ եղանակը և լսելու Իմ թակոցի ձայնը։
Հապա լսեք. «Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` ինձ հետ»։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ խնջույք կարող է լինել։
Եթե կարծում եք, որ ձեզ համար մեծ ուրախություն կլիներ ներկա գտնվել Գալիլայի Կանա քաղաքի հարսանեկան խնջույքին կամ Իմ աշակերտներից մեկը լինել Վերնատան մեջ` նստած Ինձ հետ Վերջին ընթրիքին, կամ լինել Էմմավուսի ճամփորդներից մեկը, կամ մեկը նրանցից, որոնց համար պատրաստեցի լճափի փոքրիկ խնջույքը։
Սակայն այս խնջույքները, որքան էլ Աստծո կողմից ծրագրված և Աստծո ընկերակցությամբ կատարված լինեն, այնուհանդերձ, նրանցից ոչ մեկի ժամանակ չէիք կարող ունենալ այն վայելումը, որ հնարավոր է ապրել` լսելով դռան թակոցը և ձայնը, և բացելով հրավիրել Ինձ Իմ խնջույքին։ Իմ ընկերակցությամբ կատարված հանդիսություն, աստվածային կերակուրի, ճշմարիտ սիրո մի խնջույք։