Նոյեմբերի 22
Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում է (Ա. Կորն. ԺԳ. 1)։
Տեսեք, որ միայն սերն է մնում։ Միայն սիրով կատարված գործերն են, որ տևում են, քանզի Աստված սեր է, և միայն Աստծո գործերն են մնում։
Աշխարհի փառքը և ծափահարությունները, որ տրվում են հրեշտակների ու մարդկանց լեզուներով խոսողներին, որ հիացական ցույցեր են պահանջում և ուշադրություն հրավիրում իրենց վրա, այս բոլորը տրվում է անցավոր մի երևույթի համար, որ անարժեք է։ Հետևաբար թե՛ մեծարվողը, թե՛ մեծարողը զուրկ են աստվածային հատկությունից, որ սերն է։
Հապա պատկերացրեք` ինչպես է ժպիտը կամ սիրո մի պարզ խոսքը թևեր առած թևածում. թեպետ խոսքը երևութապես մի հասարակ բան է երևում, բայց այն իր ուժը ստանում է Աստծուց։ Իսկ ահա ճարտասանների ասած ընտիր խոսքերը կարող են անարդյունք ցած թափվել։ Բոլոր գործերի ու խոսքերի ճշմարիտ իմաստը այս հարցադրումի մեջ է. այդ գործերն ու խոսքերը Աստծո՞ւց են ներշնչված։
Երանի՜ թե մարդը գիտակցեր, թե որքան ունայն է իր կատարած գործերի մեծ մասը։ Իմ անունով կատարված շատ գործեր կան, որ իբրև այդպիսին չեն ընդունվում, իսկ ահա սիրուց թելադրված բոլոր գործերն անխտիր ընդունվում են։
Ձեր սրտից ու կյանքից դուրս նետեք այն ամենը, ինչը զուրկ է սիրուց։ Այդ ժամանակ արգասավոր կդառնա ձեր կյանքը, և դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, որովհետև սեր ունեք իրար հանդեպ։