Դեկտեմբերի 1
Ես ձեր կողքին եմ։ Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները։ Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի. պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը։ Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ. պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլև այլոց հանդեպ։
«Տեր, արձակիր սրանց, որպեսզի մոտակա գյուղերը գնան և իրենց համար ուտելիք գնեն»։ Ասացին Իմ աշակերտները` առանց խղճալու հոգնած ու սպառված մարդկանց, որոնց մեջ բազմաթիվ կիներ ու երեխաներ կային։ Բայց Ես սովորեցրի նրանց, որ աստվածային գթությունը` ամենից առաջ մեծ պատասխանատվություն է։ «Դուք նրանց ուտելիք տվեք»` եղավ Իմ պատասխանը։ Ես սովորեցրի, որ միայն կարեկցանքը` առանց իրական ցավը բժշկելու, անարժեք է։
«Դուք նրանց ուտելիք տվեք»։ ՈՒր որ գտնվում է ձեր կարեկցանքը, այնտեղ պետք է լինեք նաև դուք, եթե այդ հնարավոր է։ Իմ այս պատգամը հիշեք նաև այն ժամանակ, երբ մտածում եք ձեր անձնական կյանքը բարելավելու մասին։ Այդ նշանակում է` նույն վերաբերմունքը Ինձնից պահանջել։ Ծառան մեծ չէ իր տիրոջից, մանավանդ հոգևոր առումով. և ինչ-որ Ես սովորեցրի Իմ աշակերտներին, նույնը Ես էի անում։
Եթե դուք էլ ձեր կյանքի ծովեզերքին նվաղեք պակասությունից ու կարիքից, իմացեք, որ Ես կհոգամ ձեր կարիքները` առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու։