Դեկտեմբերի 2
Հանեք ձեր ոտքերից կոշիկները և լուռ մոտեցեք` երկյուղով ու խոնարհությամբ։ Մոտեցեք, ինչպես Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն։
Ես ձեզ տալիս եմ պարզ մտերմությունը բարեկամի, բայց և ասում, որ Աստված եմ միաժամանակ։ Մեր առնչության սքանչելիքը, որ Ինձ հետ ունեցած ձեր մտերմության հրաշքն է, բացառիկ նշանակություն կստանա այն ժամանակ, երբ կարողանաք տեսնել վեհափառ պատկերը Աստծո Որդու։
Մոտեցեք բացարձակ վստահությամբ. այս է ամենագերազանց աղոթքը։ ՈՒրեմն էլ ավելի մոտեցեք, ոչ թե աղաչեք հեռվում կանգնած, մոտեցեք` իմանալով, որ մերձեցել եք մի Աստծո, որ կրակի վեհությամբ ու ահավորությամբ է զգեստավորված։ Մոտ եկեք ոչ թե իբրև աղերսողներ, այլ լսողներ։ Ես եմ աղերսողը, երբ ձեզ եմ հայտնում Իմ ցանկությունները։ Որովհետև այդ փառահեղ ու ահեղ Աստվածը եղբայր է միաժամանակ, որ մեծ բաղձանքով կամենում է, որ դուք ծառայեք ձեր եղբայր-մարդուն, և ցանկանալով ցանկանում է, որ դուք հավատարիմ լինեք այն պատկերացումին ու գաղափարին, որ ունի ձեր հանդեպ։
Դուք հաճախ եք խոսում այն մտերիմ մարդկանց մասին, ովքեր ցած մնալով իրենց ունեցած ձեր պատկերացումից` հուսախաբ են արել ձեզ, չեն համապատասխանել իրենց իդեալական կերպարին։ Իսկ Ես ի՞նչ ասեմ, երբ ամեն մարդու համար կա ճշմարիտ իդեալական կերպարը, որ Ես եմ տեսնում նրանց մեջ։ Մարդը, որ կարող է լինել. մարդը, որ Ես կուզենայի, որ այդպիսին լիներ։ Պատկերացրեք զգացումը Իմ սրտի, երբ մարդը չի կարողանում կատարել այն խոստումը, որ տվել է, և որը կատարելու հնարավորությունը ունի ինքը։
Մեծ ու անքանակ հուսախաբություններ ապրած կլինեք ուրիշների պատճառով, բայց իմացեք, որ դրանք ոչինչ են` համեմատ այն հուսախաբությունների, որ դուք եք Ինձ պատճառել։ Հիշեք այս և ջանացեք լինել այն բարեկամը, ինչպիսին որ Ես եմ պատկերացնում ձեզ։