Դեկտեմբերի 9
Տեր, բոլոր մարդիկ Քեզ են փնտրում։
Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում, միայն թե բոլորը չէ, որ գիտեն` ինչ են ուզում։ Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են, և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես եմ։
Ձեր ամենամեծ ուրախությունը կգա այն ժամանակ, երբ կարողանաք ձեր կյանքով, ձեր տառապանքով, խոսքով ու սիրով փնտրողներին ապացուցել, որ իրենց տանջալի որոնումները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն Ինձ։ Օգտվեք Իմ օրինակից։ Հոգիներ փրկելու գործը` մեծագույն գործը, ձեզ թողեցի, որպեսզի հաղորդակցություն ունենաք Հորս հետ։ Ես գիտեի, որ Իմ գործը շատերի համար պարապ ժամանց է սոսկ։ Գիտեի նաև, որ մարդիկ չէին խուժելու Իմ թագավորությունը, և որ ոչ թե ամբոխի աղաղակը, այլ թույլ ու մեղմ ձայնը միայն պիտի համոզեր մարդկանց, որ Ես Աստծո Որդին եմ։
Ինչո՞ւ բազմություններով շրջապատվել զուր տեղը, երբ այդ շատերն առանձնապես չեն ցանկանում սովորել Ինձնից ու հետևել Ինձ։ Հետևեք Քրիստոսին, աղոթքի համար հանգիստ ու լուռ վայրերը ընտրեք։