Դեկտեմբերի 16
Տե՛ր, տուր մեզ Քո ուրախությունը, այն ուրախությունը, որ ոչ ոք, ոչ աղքատությունը, ոչ իրադրությունը և ոչ էլ կյանքի պայմաններն են ի զորու խլելու մեզնից։
Դուք կունենաք Իմ ուրախությունը։ Սակայն հիմա կյանքը ձեզ համար դեռևս ծանր ընթացք ու տաժանելի քայլք է։ ՈՒրախությունը կգա, հիմա դուք այդ մասին բնավ մի մտածեք, մտածեք միայն ձեր ճիշտ ընթացքի մասին։ ՈՒրախությունն Իմ վարձատրությունն է։
Իմ աշակերտներին խոստացած ուրախության պարգևի և նրանց կողմից այդ ուրախությանը տիրանալու միջև ընկած էին ձախողության զգացումը, հուսախաբությունը, ուրացումը, դասալքությունը, հուսահատությունը, ապա հայտնվեցին հույսը, համբերությունը և արիությունը վտանգի դիմաց։
ՈՒրախությունն անմիջական պատասխանն է գորշ ու մռայլ օրերի մեջ համբերատար հոգով Ինձ սպասելու ու տեսնելու, արդյունքն է այն բանի, որ առանց Իմ ներկայությունը զգալու ապավինեն Ինձ։ ՈՒրախությունը ձեր սրտի պատասխանն է Իմ այն ժպիտների, որ Ես ունենում եմ` տեսնելով ձեր հավատարմությունը։ Երբ երբեմն զրկվում եք ուրախությունից, մի կարծեք, թե ճանապարհից շեղվել կամ սխալ ընթացք եք ընտրել։ Իմացեք, որ երբեմն էլ կարող է այնպես լինել, որ ուրախություն չունենաք, բայց դրա փոխարեն ունենաք քաջություն։ Իսկ քաջությունը և անձնական հոգածությունն այլոց հանդեպ նույնքան բացահայտ նշաններ են Իմ աշակերտը լինելու, որքան ուրախությունը։