Հունվարի 2
Դու պետք է օգնես, որ կատարվի ուրիշների փրկության գործը։ Թույլ մի՛ տուր երբեք, որ թեկուզ մի օր անցնի առանց սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին. լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն։
ՈՒրախությամբ լցվիր։ ՈՒրախությունը փրկում է։ ՈՒրախությունը բժշկում է։ ՈՒրախ եղիր Իմ ներկայությամբ։ ՈՒրախություն կա արևի ամեն մի ճառագայթի մեջ։ Դու էլ ուրախություն դիր քո յուրաքանչյուր ժպիտի, կատարած ամեն մի բարի գործի, սիրալիր վարմունքի և անգամ ամենաաննշան ծառայության մեջ։
Այնպես արա, որ ամեն օր կարողանաս բարձրացնել մի ուրիշ հոգի` մեղեդի, հիվանդության ու երկմտության ծովից, որի մեջ հայտնվել է մարդը։ Ես այսօր էլ քայլում եմ լճի եզերքով ու կանչում Իմ աշակերտներին, որ հետևեն Ինձ ու մարդկանց որսորդ դառնան։
Օգնող ձեռքի կարիքը միշտ կա, որ անօգնականին բարձրացնի ու մղի նրան քաջության, պայքարի, հավատի ու առողջության։ Սիրիր ու խնդա։ Սերն ու ուրախությունը, հենասյուներն են հավատի, արիության ու հաջողության։ Անդադար վստահիր, անդադար սիրիր և անդադար ուրախ եղիր։
Թո՛ղ, հրաժարվիր ընկճվելուց, անտեսիր վերելքի բոլոր արգելքները։ Սիրիր ու խնդա։ Ես քեզ հետ եմ։ Ես կտանեմ քո բեռները։ Դիր քո բեռները Իմ ոտքերի մոտ, և Ես քեզ զորավիգ կլինեմ։ Իսկ դու կարող ես արդեն թեթևացած շուռ գալ և օգնել մեկ ուրիշին, որ կքել է իր բեռների ծանրությունից։
Քանի՞ հոգու բեռ կկարողանաս թեթևացնել այս տարի։ Քանի՞ սիրտ կկարողանաս զվարթացնել։ Քանի՞ մարդու կկարողանաս իրապես օգնել։ Չմոռանաս, որ տալով ես մեծապես շահում. «Տվեք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով` թաթաղուն, շարժուն, զեղուն, այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։ Այսպես եմ ասել Ես` ձեր Տերը։