Հունվարի 6
Առաջնորդիր ինձ, Ո՛վ մեծազոր Աստված, քանզի պանդուխտ եմ ես այս օտար աշխարհի մեջ, ես տկար եմ միշտ, բայց դու զորավոր, առաջնորդիր ինձ Քո հզոր ձեռքով։
Պետք է աղոթես։ Ճանապարհը կբացվի։ Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար։ Պարզապես սիրիր և սպասիր։ Սերը բանալի է։ Չկա դուռ, որ սերը չկարողանա բացել։
Վախենալու պատճառ չկա բնավ։ Աստված հոգ տարավ ու պաշտպանեց քեզ։ Հուսա շարունակ և ուրախ եղիր։ Քո հույսը առանց կասկածի թող լինի։ Հանդարտ եղիր. հանդարտ` Իմ հզոր ներկայությամբ։
Երբեք մի՛ հրաժարվիր աղոթքի ու առանձնության մեջ ներամփոփվելու այս ժամերից. աղոթիր ու կարդա Սուրբ գիրքը, սովորիր ու ջանա ներդաշնակության մեջ պահել քո ներքին կյանքը։ Սա քո անելիք գործն է, իսկ Իմը` քեզ գործածելը։ Իմ գործիքները պետք է կազմ ու պատրաստ լինեն, որ ես կարողանամ լավագույն ձևով գործածել նրանց։
Քեզ ենթարկիր խիստ կարգ ու կանոնի և որքան հնարավոր է կատարելագործիր քեզ։ Դու այսպես վարվիր և կտեսնես, որ շուտով պատասխան կստանաս անգամ քո ամենաթռուցիկ մտածումների համար. քո բոլոր ցանկությունները գոհացում կստանան, և քո կատարած յուրաքանչյուր գործն իր նպատակին կհասնի։ Հզոր ու ահավոր է Իմ զորությունը։ Դու միայն ուշադիր եղիր, որ սխալ բան չցանկանաս, չկամենաս մի բան, որ անհամաձայն լինի Իմ հոգուն։
Բոլոր վնասակար մտածումները պետք է դուրս շպրտվեն։ Իմ հրաշագործ զորությունը սխալ ձեռքերի մեջ կարող է վերածվել կախարդության։ Ահա թե ինչու եմ Ես անհրաժեշտ համարում հոգալ նախ և առաջ ձեր իսկ կյանքի մաքրության ու բարության համար։ Շուտով, շատ շուտով դու պիտի խնդրես, և Ես անմիջապես պիտի կատարեմ քո ցանկությունը։ Սիրով կատարիր քո ինքնակրթանքը։ Որովհետև առանց դրա Ես չեմ համարձակվի Իմ ուժը քո տրամադրության տակ դնել։ Այլապես կարող է վնասել քեզ։
Շատ մի՛ մտահոգվիր ուրիշների կյանքի համար։ Թո՛ղ այդ ամենը Աստծո հայեցողությանը. դու ջանք թափիր, որ նախ ինքդ քեզ կարգի բերես` Իմ զորության միջոցով։