Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»

«Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»
17.05.2013 | 15:12

Հայաստանում, ինչպես 1998թ. հեղաշրջումից հետո, այնպես էլ այսօր, շարունակում է խնդիր մնալ լիբերալ քաղաքական ուժերի միավորումը: Բոլորն առանձին- առանձին պահանջում են իշխանությունների հրաժարականը, խոսում են ազատական գաղափարներից, ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից, բայց շարունակում են պահպանել միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն:

Օրեր առաջ ՀՀՇ կուսակցության վերագրանցումը նորից տարաձայնությունների և մամուլի էջեր սպրդող «բացահայտումների» պատճառ է դարձել երբեմնի զինակիցների միջև:
ՀԱԿ-ին սատարող ԶԼՄ-ները հիշեցնում են, թե ինչով էին ժամանակին զբաղված ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամները տարիներ շարունակ: Հիշեցնում են, օրինակ, որ Կարապետ Ռուբինյանը իշխանափոխությունից հետո եղել է ՀՀՇ նոմինալ անդամ, իսկ Հովհաննես Իգիթյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո չէր տվել հրաժարական ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այսօր էլ Կարապետ Ռուբինյանն է «Առավոտ» թերթում հիշեցրել, որ ինքը 1998 թ. կասեցրել է իր անդամությունը ՀՀՇ վարչությանը տարաձայնությունների պատճառով, քանի որ կուսակցությունում ներքին հրահանգ է եղել ՀՀ Նախագահի ընտրություններում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Կ. Ռուբինյանը հիշեցրել է նաև, որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ շարունակել է աշխատել մշակույթի փոխնախարարի պաշտոնում:
«ՀՀՇ անունն անպետք լաթի պես փողոց են նետել, մենք վերցնում ու տեր ենք կանգնում»,- կուսակցության վերագրանցման անհրաժեշտությունն այսպես է ներկայացրել Կարապետ Ռուբինյանը:
Ինչու՞ են իրենց հռչակած նպատակների համար պայքարելու փոխարեն երբեմնի զինակիցները զբաղված այսօրինակ «մերկացումներով»:
ՀԱԿ անդամ, Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ինքը շատ հանգիստ է նայում այդ ամենին:
«Երկու կողմում էլ իմ ընկերներն են: Ես իմ գործն եմ անում: Եթե կուսակցությունը վերագրանցում են, իրենց գործն է: Մեր երկրում գոնե այդ առումով (նկատի ունի կուսակցություն բացելը-Թ. Հ.) ազատություն կա: Քաղաքականության մեջ չպետք է խռովկանություն ցուցաբերել: Եթե ասում ենք՝ նպատակները նույնն են, պայքարում ենք իշխանության դեմ, ուրեմն պետք է համագործակցենք»,- կարծում է Շահեն Պետրոսյանը:
Մնում է, որ երկու կողմերն էլ միմյանց անցյալը հիշեցնելու փոխարեն երբեմն էլ հիշեն, թե հանուն ինչի են իրենք պայքարում: Հատկապես որ՝ այդ անցյալին մեր հասարակությունը լավ էլ ծանոթ է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ