Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսաստանի մահակի քաղաքականությունը

Ռուսաստանի մահակի քաղաքականությունը
25.05.2013 | 15:20

Գազի գնի բարձրացումը շաբաթվա ընթացքում հերթական անգամ առիթ տվեց մեր քաղաքական գործիչներին վերանայելու հայ-ռուսական՝ արդեն կնճռոտ դարձած և մեր գլխին մահակի պես տարուբերվող քաղաքականությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեռ անցյալ աշնանը, հոկտեմբերին է եղել պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների և ռուսական կողմի միջև, սակայն իշխանությունները թաքցրել են այն ժողովրդից: Լևոն Զուրաբյանն, իհարկե, այս հարցում մեղադրեց միայն ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալով որևէ կարծիք հայտնել ռուսական կողմի մասին:
ՌԴ-ի քաղաքականության մասին կոշտ գնահատականներ է հնչեցրել ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը նախօրեին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի կողմից գազի սակագների կտրուկ բարձրացումը քաղաքական ճնշում է Հայաստանի վրա, որի նպատակն է խափանել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը, ինչպես նաև՝ ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումը: Սա Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից ռազմավարական նպատակներ հետապնդող ճնշում է Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից այս ճնշումները կլինեն շարունակական և չեն սահմանափակվի միայն գազային լծակների օգտագործմամբ»,- նշել է Դավիթ Շահնազարյանը:
Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունը զարմանք չի հարուցում, քանի որ նա միշտ էլ աչքի է ընկել ՌԴ-ի քաղաքականությունը քննադատելով, և ինքն էլ արևմտյան արժեքների ջատագով է:
Մշտապես պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար խայտառակ դաշնակից է, ինչի պատճառով էլ Ռուսաստանը որոշել է բարձրացնել գազի գները:
Գազի գնի բարձրացումն, իհարկե, վրդովեցրել է ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ՝ մեր քաղաքական էլիտային, սակայն նրանք Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ առայժմ բավարարվել են հատուկենտ կցկտուր հայտարարություններով՝ խուսափելով ավելի հիմնարար գնահատականներով «խրտնեցնել» մեր ռազմավարական դաշնակցին:
Եթե մեր քաղաքական գործիչները, անգամ՝ ամենաթունդ ընդդիմադիրները, միշտ էլ զուսպ են եղել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանը տրվող գնահատականներում, դրանից ՌԴ-ն ամենևին էլ չի սթափվել և չի փորձել այն փոխադարձել նույնպիսի զսպվածությամբ և հարաբերությունների փոխշահավետությամբ:
Փոխարենն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն է փորձում ժամանակ առ ժամանակ Հայաստանի քաղաքական էլիտային թափանցիկ ակնարկներով հիշեցնել սեփական շահերի և դրանցով առաջնորդվելու նպատակահարմարության մասին:
Դեռ մի երկու շաբաթ, առաջ, նախքան գազի գնի շուրջ թեժացող խոակցությունները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, հանդիպելով «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում աշխատող ուսանողների հետ, ի մասնավորի նշել էր. «Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է ունենա տարբեր տարբերակներ և չպետք է կախված լինի մեկ տարբերակից: Հետևաբար՝ մենք խթանում ենք, որ Հայաստանը նայի դեպի Արևմուտք, այլ հնարավորություններ գտնի այնտեղ: Մենք, բնականաբար, չենք փորձում փոխարինել Ռուսաստանին և Ռուսաստանի գործառույթներն այստեղ»:
Ջոն Հեֆֆերնը, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, հայտարարել էր նաև հետևյալը. «Եթե չենք խոսում Եվրամիության անդամակցության մասին, ապա գոնե կապերը Եվրամիության հետ շատ պետք են Հայաստանին: Սա միջազգային ստանդարտների կիրառում է, և սրանից կշահեն բոլոր հայերը»:
Մնում է միայն ականջալուր լինել արևմտյան երկրի դեսպանի ուղերձներին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ